Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Հասմիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական և մեկ միասնական դիտավորությամբ, կատարել է պաշտոնական կեղծիք: Ենթադրվում է, որ Հասմիկ Մկրտչյանը 2013-2016 թվականների ընթացքում մանկատան տարբեր հաստիքներում 19 քաղաքացու անվամբ աշխատավարձ ձևակերպելով՝ յուրացրել է 46 մլն ՀՀ դրամ գումար:
Նույն կենտրոնի հաշվապահ Լիդա Սարգսյանին, կադրերի տեսուչ Մարի Խայանին և գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, ովքեր մեղադրվում են փաստաթղթերի, պաշտոնական դիրքի կեղծման և ուրիշի գույքը հափշտակելու համար։
Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ:
Հունվարի 24-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց՝ դատավորի զբաղվածության պատճառով։
Մանկատան նախկին տնօրեն Հասմիկ Մկրտչյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ գումարի յուրացման հարցում իրեն մեղավոր չի համարում, քանի որ այդպիսի փաստ գոյություն չունի: Նա իր խոսքում նշեց, որ հետագայում այդ մեղադրանքում առկա գումարի չափը փոքրացել է և, եթե սկզբում մեղադրվում էր 46 միլիոն. դրամի յուրացման, ապա հիմա մեղադրվում է 20 մլն. ՀՀ դրամ գումարի յուրացման մեջ:
Հասմիկ Մկրտչյանը նշեց նաև, որ այդ մեղադրանքի պատճառով առողջական խնդիրներ է ձեռքբերել քանի որ ներշնչել է. «Այն պահին, երբ ես մանկատան տնօրենն էի և քրեական գործ հարուցվեց, իմ աշխատանքային լիազորությունները դադարեցվեցին (աշխատանքայի պայմանագիրը չեն վերակնքել,-հեղ.) և արդեն մեկ տարի է, որ չեմ աշխատում մանկատանը՝ որպես տնօրեն»,- նշեց Հասմիկ Մկրտչյանը:
Հասմիկ Մկրտչանն ասաց նաև, որ եղել են թեթև թերություններ աշխատանքային բնագավառում. «Այդ թերությունների մասով ոչինչ չեմ կարող ասել, քանի որ եղել են: Այսինքն, այնպես է ստացվել, որ աշխատանքի կարիք ունեցող մեծ թվով մարդիկ են եղել, որոնցից մի քանի հոգու գրանցել եմ մանկատանը որպես աշխատող, և նրանք աշխատել են: Խնդիրն այն է, որ, ենթադրենք, գրանցել եմ մեկին, որ ինչ-որ աշխատանք պետք է կատարի, ապա հետո այդ մեկի անվան տակ այլ աշխատողի եմ վերցրել աշխատանքի, բայց այդ մարդիկ աշխատել են և աշխատանքի կարիք են ունեցել: Թե չէ, որ մեղադրում են, թե, իբր, գումար եմ յուրացրել, այդ մասով ես ոչինչ չեմ արել և ինձ մեղավոր չեմ համարում»:
Հասմիկ Մկրտչյանն այժմ էլ աշխատում է, սակայն ոչ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն, այլ համալսարանում որպես դասախոս. «Մոտ 20 տարի է, որ դասավանդում եմ համալսարանում», – ասաց նա:
Հասմիկ Մկրտչյանը մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ է: Մասնագիտությամբ՝ տիֆլոմանկավարժ (տեսողության խանգարում ունեցող անձանց հետ աշխատանք):
Վերջում նշենք, որ գործով որպես իրեղեն ապացույց բռնագանձվել են 12 փաթեթ՝ փակ կնքված վիճակում և 4 անձնագիր։
Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net