Քրեական վերաքննիչ դատարանում մեկնարկեց հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով «Իգլա» տեսակի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով քննությունը։
Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի հրապարակած դատավճռով մեղավոր ճանաչված 7 մեղադրյալից բողոքարկել են. ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը (6 տարի սահմանված ազատազրկման պատիժ), գործարար՝ Սանասար Գաբրիելյանը (3 տարի սահմանված ազատազրկման պատիժ) և Արմեն Պողոսյանը (2 տարի սահմանված ազատազրկման պատիժ):
3 բողոքաբեր անձինք վերաքննիչ դատարան են մտել պահանջով, որ վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի հրապարակած դատավճիռն իրենց մեղավոր ճանաչելու և ազատազրկելու վերաբերյալ, ինչպես նաև կայացնի նոր՝ արդարացման դատավճիռ:
Գործը քննվում է նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանի և դատավորներ՝ Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի կողմից:
Սանասար Գաբրիելյանը վերաքննիչ դատարանում պաշտպան չուներ: Դատարանն ասաց, որ կարող է հանրային պաշտպանով ապահովել, նաև ճշտեց, թե արդյո՞ք դա կապված չէ նյութական միջոցների հետ: Սանասար Գաբրիելյանը, սակայն, հրաժարվեց հանրային պաշտպան ներգրավվելու առաջարկից և ասաց. «Չէ, չէ, չէ: Ի՞նչ եմ արել, որ պաշտպան էլ ունենամ: Ոչ, շնորհակալ եմ»:
Մեղադրող կողմի վերաբերյալ ինքնաբացարկի հետ կապված հարց ուղղեց դատարանը կողմերին, թե՝ արդյո՞ք որևէ խնդիր ունեն նրանք դատախազի՝ գործում ներգրավված լինելու հանգամանքի հետ:
Սամվել Բաբայանն ասաց. «Ես բացարկ եմ հայտնում դատախազին նրա համար, որ գլխավոր փաստերը մեղադրականում հատուկ չի ընդգրկել և դատարանն էլ արտագրել է նրանից: Ես հետագայում իմ բերած փաստերով կապացուցեմ ձեզ, որ խեղաթյուրել է գիտակցաբար: Ես դրա համար բացարկ եմ տալիս: Ինքը պատվեր է կատարում: Ես իմ ելույթում նշել եմ, որ պետական մեղադրողը բացառում է որևէ փաստ, իսկ դատարանն էլ դա արտագրում է և կազմում եզրակացություն»:
Սանասար Գաբրիելյանը կոնֆլիկտ ունեցավ դատարանի հետ: Դատարանը ոտքի կանգնեցրեց նրան և ասաց, որ չի կարելի նստած տեղից ռեպլիկներ անել, իսկ Սանասար Գաբրիելյանը պատասխանեց. «Անմեղ տեղը 11 ամիս է նստած ենք, բա ուզում եք, որ մի հատ ռեպլիկ էլ չանե՞նք նստած տեղից» :
Դատախազ Արամ Արամյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ դատարանին ասաց, որ ամբաստանյալների կողմից չնշվեց որևէ օրենքի հիմնավորում, որ լինի ինքնաբացարկի պատճառ: Դատարանը միջնորդությունը մերժեց՝ այն հիմնավորված չլինելու պատճառով:
Սանասար Բաղդասարյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքը: Մասնավորապես ասաց. «Ինչ վերաբերում է դրդել ենք, բրդել ենք: Ու՞ր ա այդ տղան, որ ասում էիք Վրաստանում է: Ու՞ր: Բերե՛ք: Մի հատ նկար էր, մասնագետին ցույց ենք տվել: Մի հատ նկար նայելու համար 3 տարի դատու՞մ են: Ինչի՞ համար: Բերել ենք, որ հայրենիք պաշտպանենք: Ես Ռուսաստանում եմ գտնվել 10 տարի: Եկել ենք ու ընկել սրա մեջ: Ինչի՞ եք դատում, ինչի՞ համար: Էդ բերածները ես չգիտեմ որ ջանդամից են բերել: Հորինած, շինծու տրուբա է»։
Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը նույնպես ներկայացրեց իր պաշտպանյալ Սամվել Բաբայանի բերված բողոքը: Պաշտպանն իր խոսքում նշեց, որ գտնում է առաջին ատյանը խախտել է փաստերը: Առաջադրված մեղադրանքներում Սամվել Բաբայանի մասին բերված փաստերը պատճառաբանված չեն, իսկ պատճառաբանությունները զուտ ենթադրություններ են: Դատարանը խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքները: Դատավճռի հիմքում դրվել են ապացույցներ, որոնք չեն հիմնավորվում.
«Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքում որևէ նշում չկա, որ նա դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել զենք Արմեն Պողոսյանին և Սանասար Գաբրիելյանին: Եղել է Սանասար Գաբրիելյանի մասով, իսկ Արմեն Պողոսյանի մասով ոչինչ չի նշվել, ինչը նշվել է արդեն դատավճռում: Գործով իրեղեն ապացույց ճանաչված պլանշետային համակարգում առկա ֆայլերը, «Իգլա» տեսակի զինամթերքը…ես չեմ ցանկանում այս ամենին մանրամասն անդրադառնալ:
Մեղադրանքի հիմքում տեղ գտած այն ձևակերպումները, որ Սամվել Բաբայանն է դրդել ձեռք բերել այդ զենքը, որ խոստացել է այդ զենքը ձեռք բերելու համար վճարել 50.000 դոլար, այդ փաստերը չեն հաստատվել: Դա չի հաստատվել նաև դատաքննության ժամանակ: Ես ցանկանում եմ ասվածս հիմնավորելու համար անդրադառնալ մեղադրանքում տեղ գտած փաստական հանգամանքներին առանձին-առանձին: Գործում չկա որևէ տվյալ, որ Սամվել Բաբայանը Սանասար Գաբրիելյանին դրդել է։
Մեղադրանքում նշվել է նաև, որ Սամվել Բաբայանը դրդել է ձեռք բերել ապօրինի կերպով «Իգլա» համալիր և խոստացել, որ դրա դիմաց կվճարի 50.000 ԱՄՆ դոլար: Մեղադրանքի ձևակերպումից անտեսվել է այն փաստը, որ նշված զենքը ձեռք բերելու դեպքում դրա դիմաց վճարելու առաջարկն արվել է Հրաչյա Մայիլյանի կողմից:
Առաջին ատյանի դատարանում իմ կողմից միջնորդություն էր արվել Հրաչյա Մայիլյանի հեռախոսազանգերը լսելու վերաբերյալ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը: Այդուհետև, դատարանը հայտարարել էր, որ չեն կարող այդ գաղտնալսումները տրամադրել»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը փաստական ապացույցները պաշտպանական կողմից անտեսել է և կատարել ենթադրական դատողություններ:
Սանասար Գաբրիելյանի և Հրաչյա Մայիլյանի միջև արված հեռախոսազրույցից վերցվել է հատված, որտեղ խոսքը 50.000-ի մասին է, և այդ հատվածը վերցրել ու այնպես են վերագրել, որ, իբր, դա Սամվել Բաբայանի խոստացված գումարն է, որը պետք է, իբր, տար զենքը ձեռք բերելու համար:
Ըստ պաշտպանի, այդ գաղտնալսման փաստացի խեղաթյուրումը կամայական դատողություն էր: Մեղադրանքի երկրորդ դրվագի (փողերի լվացում) վերաբերյալ Սամվել Բաբայանի բերված բողոքը դատարանը կլսի հաջորդ դատական նիստին։
Վերջում հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նրանք մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net