Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհուրդը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում կառավարությանն ու Ազգային ժողովին՝ բացառել դատարանի կողմից փաստաբանի և դատախազի նկատմամբ նրանց անկախությունը վտանգող դատական սանկցիայի (տուգանքի կամ այլ ձևով) կիրառման հնարավորություն սահմանող իրավակարգավորումը: Հայտարարության մեջ նշվում է․
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով սահմանվել է տուգանքի ձևով դատական սանկցիայի կիրառումը նաև փաստաբանի և դատախազի նկատմամբ:
Դեպքերը, որոնց համար սահմանվում է դատական սանկցիայի կիրառում, գնահատողական կատեգորիաներ են, և յուրաքանչյուր դեպքում, ստանալով սուբյեկտիվ գնահատական, կարող են գործիք դառնալ դատավորի ձեռքում՝ խախտելու դատավարության կողմերի միջև հավասարակշռությունը և սահմանափակելու անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
Նախատեսված իրավակարգավորումը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ փաստաբանների անկախության սկզբունքը, որի երաշխավորման նպատակը իրավաբանական օգնության ապահովումն է, և ստեղծում է բոլոր հիմքերը սահմանափակելու մրցակցային դատավարության կողմերի ազատությունը՝ իրենց ընտրած մարտավարությամբ և օրենքով սահմանված կարգով ապահովելու անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:
Ընդ որում, նշված կարգավորումը նախատեսում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության հնարավորություն, քանի որ սահմանվում է, որ Դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը չի բացառում նույն արարքի համար դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը¦:
Իրավաբանների հայկական ասոցիացիան, որպես իր գործունեության կարևոր ուղղություն ունենալով մարդու իրավունքների պաշտպանությունը և հիմք ընդունելով վերը նշված փաստարկները, գտնում է, որ նախատեսվող իրավակարգավորումը չի բխում արդար, մրցակցային դատավարության և մարդու իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության շահերից, որևէ կերպ հիմանվորված չէ նման կարգավորման ահնհրաժեշտությունը, և կոչ է անում ՀՀ Կառավարությանը և Ազգային Ժողովին բացառել դատարանի կողմից փաստաբանի և դատախազի նկատմամբ նրանց անկախությունը վտանգող դատական սանկցիայի (տուգանքի կամ այլ ձևով) կիրառման հնարավորություն սահմանող իրավակարգավորումը: