ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն այսօր՝ հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը՝ նշելով, որ հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
Ըստ նախարարի տեղակալի՝ վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են միայն օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով և դրանցից պատրաստված իրերով: 1996 թվականից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով դրանց իրացում չի իրականացվել, որի արդյունքում կուտակվել են բավարար քանակությամբ ապրանքներ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը:
«Գանձարանում առկա են երկու խումբ ապրանքներ: Առաջին խումբը պատմամշակութային արժեք ներկայացնող ապրանքներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում և ցուցադրվում են թանգարաններում. օրինակ՝ հին մետաղադրամները, գոտիները, սպասքը և այլն: Երկրորդ խումբ ապրանքները գնահատված են, ունեն արժեք և կարող են վաճառքի հանվել: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.9 միլիարդ դրամ, որից մոտ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտորներն արդեն իսկ համարվում են լիկվիդային արժեք, իսկ մնացած մոտ 1.5 միլիարդ դրամի ապրանքները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, ինչպես նաև ապրանքային տեսքն ու արժեքը: Հետևապես նման ապրանքների պահպանումը ոչ արդյունավետ է ու աննպատակահարմար»,-ընդգծել է Արմեն Հայրապետյանը:
Արմեն Հայրապետյանի խոսքով՝ նախորդ տարի փորձ է արվել վաճառել գանձարանում եղած մարգարիտը, բայց գնորդ չի հայտնվել, ինչն էլ խթան է հանդիսացել այս գործընթացը սկսելու, որպեսզի ժամանակի ընթացքում այս ապրանքներն էլ չկորցնեն իրենց շուկայական արժեքը: «Այս իրերի իրացման համար մենք ժամկետ ենք դրել՝ չորս տարի: Էությունը կայանում է նրանում, որ գանձարանի իրերը հնարավորինս թանկ գնով վաճառվեն. զարդը զարդի գնով իրացնենք, մարգարիտը՝ մարգարտի գնով ու հնարավորինս մեծ արդյունք բերենք գանձարանի համալրման համար: Ունենք նաև սահման, որից ցածր չի իրացվելու: Իրացնելիս պետք է գնահատենք արժեքները, բաց հրապարակային աճուրդների միջոցով վաճառենք մաքսիմալ գնով»,-հավելել է նախարարի տեղակալը և ավելացրել, որ ստացված միջոցներն էլ ուղղելու են գանձարանի համալրմանն առավել լիկվիդային իրերով:
Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջիկայում որոշման ընդունվելուց հետո ֆինանսների նախարարությունը աճուրդը կազմակերպելու մրցույթ կհայտարարի, առավել մրցունակ առաջարկ ներկայացնողն էլ կհանդիսանա աճուրդի կազմակերպիչ: Նա վստահեցրել է, որ թանկարժեք քարերն ու մետաղներն օտարելու որոշումը հապճեպ չի կայացվել, խնդրով սկսել են զբաղվել դեռ 2016 թվականի կեսերից, և պետական գանձարանը որդեգրել է մոտեցում, որ պետական պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ և թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր: