Ծեր ամուսինները փաստի առաջ են կանգնել՝ բարեկամի հետ գործարքի մեջ մտնելու հետևանքով

Գիտությունների թեկնածու, Ռադիոֆիզիկայի ինստիտուտի ղեկավարի նախկին տեղակալ, 75-ամյա Մհեր Գալստյանը և նրա կինը՝ Սամվելինա Ասատրյանն, արդեն վեց ամիս է, ինչ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, իսկ վերջերս՝ նաև առանց բնական գազի:

Էլեկտրաէներգիայի բացակայության պաճառով նրանց  կիսամութ հյուրասենյակում վառարան է դրված, որից դուրս եկող թանձր ծուխը տարածվել էր տնով մեկ: Մհեր Գալստյանը, ով  երկրորդ խմբի հաշմանդամ է և թոշակառու, մեզ հետ զրույցի ընթացքում վառարանի մեջ փայտեր էր ավելացնում, որպեսզի տան օդի ջերմաստիճանը քիչ, թե շատ տաք մնա:

2012 թվականին Մհեր Գալստյանը և Մանուկ Ասատրյանը, ով նրա եղբոր աղջկա ամուսինն է,  բանավոր պայմանավորվածություն են ձեռքբերում, որ 1992 թվականից Մանուկի տիրապետության տակ գտնվող, սակայն համայնքային սեփականություն համարվող շուրջ 1000 քմ հողամասում Մհեր Գալստյանը կարող է իր համար տուն կառուցել։  

Պայմանավորվածության համաձայն՝ Մհեր Գալստյանը պետք է որոշակի գումար փոխանցեր Մանուկին՝ Դավթաշենի  8-րդ փողոցում գտնվող վերոնշյալ հողակտորը սեփականաշնորհելու ծախսերը կատարելու համար։

Այդ ժամանակ Մհեր Գալստյանը Հալաբյան փողոցում ունենում է 3 սենյականոց բնակարան: Մեզ հետ զրույցում նա պատմում է, որ Մանուկ Ասատրյանն իրեն առաջարկում է վաճառել այդ բնակարանը և իրեն տալ գումար, որպեսզի  նա Դավթաշենի 8-րդ փողոցում գտնվող 1000 քմ հողատարածքը սեփականաշնորհի: Մանուկ Ասատրյանը Մհերին խոստանում է, որ այդ հողատարածքը սեփականաշնորհելուց հետո նրան կտա 200 քմ հողատարածք, որպեսզի նա այդտեղ տուն կառուցի:

2012 թվականի սեպտեմբերին Մհեր Գալստյանը վաճառում է Հալաբյան փողոցում գտնվող իր 3 սենյականոց  բնակարանը և սկսում տուն կառուցել Դավթաշենի  8-րդ փողոցի սկզբնամասում գտնվող հողամասում: Վաճառված բնակարանից Մհերը Մանուկին տալիս է 13 000 ԱՄՆ դոլար, որպեսզի Մանուկը զբաղվի 1000քմ հողատարածքի սեփականաշնորհման հարցերով:

Մհեր Գալստյանը նշում է, որ, ծախսելով 20.000.000 ՀՀ դրամ գումար, վեց ամիս անց ավարտում է  տան կառուցման աշխատանքները:

Վերցնում է 13 000 դոլարն ու անհետանում

Հողամասի սեփականաշնորհման հարցը կարգավորելու համար Մանուկ Ասատրյանը ծանոթ մարդկանց միջոցով գտնում է ոմն Վահե Միքայելյանի, ով ներկայանում է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից ու  հողամասի սեփականաշնորհման հարցերով օգնելու պատրաստակամություն հայտնում։

Մանուկը Վահեին հայտնում է, որ 1997 թվականին է կառուցել իր տունն այդ հողատարածքի վրա (Մանուկ Ասատրյանն այդ հողատարածքում ևս ինքնակամ կառուցված տուն է ունեցել): Վահե Միքայելյանն ասում է, որ, եթե Մանուկը կարողանա տեղեկանք բերել այն մասին, որ տունը կառուցել է 1997թվականին, ապա ավելի մատչելի գումարով կկարողանա գործը գլուխ բերել:

Մանուկ Ասատրյանը Վահե Միքայելյանի միջոցով ձեռք է բերում նման տեղեկանք, սակայն նրան չի հաջողվում ապացուցել, որ այդտեղ տուն ունի 1997 թվականից։ Երևանի քաղաքապետարանից գրություն է ստացվում, որ այդ տարածքում մինչև 1998 թվականը տուն չի եղել:

Սակայն Վահե Միքայելյանը վերցնում է գումարը և անհետանում: 2013 թվականին, երբ Մհեր Գալստյանը դուրս է գալիս հիվանդանոցից (վատառողջ է եղել և, ինչպես նշեցինք, երկրորդ կարգի հաշմանդամություն ունի) տեղեկանում է, որ սեփականաշնորհման գործն արված չէ: Դիմում է ոստիկանություն և հաղորդում տալիս Վահե Միքայելյանի կողմից 13 000  դոլարը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ:

37-ամյա Վահե Միքայելյանը դատապարտվում է 4.5 տարվա ազատազրկման

Վահե Միքայելյանը դատապարտվում է 4.5 տարվա ազատազրկման: Գործը քննվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մ. Մելքոնյանի նախագահությամբ:

2015 թվականի հուլիսի 27-ին հրապարակված  դատավճռի համաձայն՝ Վահե Միքայելյանը, տեղեկանալով, որ Մանուկ Ասատրյանը ցանկանում է Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող հողատարածքը սեփականաշնորհել, ներկայացել է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից և հողատարածքը սեփականաշնորհելու հարցում օգնելու պատրվակով, չարաշահելով Մհեր Գալստյանի և Մանուկ Ավետիսյանի վստահությունը, Մանուկ Ասատրյանի միջոցով 2012 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածը մաս-մաս վերցրել է Մհեր Գալստյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի 5.330.000 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլարը և խարդախությամբ հափշտակել այն:

Վահե Միքայելյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, իր ցուցմունքում էլ նշել է, որ Մհեր Գալստյանին ընդհանրապես չի ճանաչել: Մհեր Գալստյանը նույնպես մեզ հետ զրույցում ասաց, որ չի ճանաչել Վահեին և գումարը տվել է Մանուկ Ասատրյանին:

Մհեր Գալստյանը

Մանուկ Ասատրյանն էլ իր ցուցմունքում գրել է, որ գումարն ինքն է վերցրել Մհերից և փոխանցել Վահեին՝  սեփականաշնորհման հարցերով զբաղվելու համար:

Մանուկ Ասատրյանը սեփականաշնորհում է հողամասն ու կառուցված տունը  

Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված ստուգայցի ժամանակ  արձանագրվում է, որ վերոնշյալ հողատարածքում կատարվում է ինքնակամ շինարարություն։ Խոսքը Մհեր Գալստյանի կողմից կառուցվող տան մասին է, սակայն որպես շինարարություն կատարող ներկայանում է Մանուկ Ասատրյանը։  

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Արայիկ Կարապետյանն առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվող շինարարության վերաբերյալ  2013 թվականի փետրվարի 5-ին կազմում է  արձանագրություն, որով Մանուկ Ասատրյանը տուգանվում է  400.000 ՀՀ դրամի չափով:

Մհեր Գալստյանի խոսքով, Մանուկ Ասատրյանի հարևաններից երկուսը քաղաքապետարանի աշխատակիցների մոտ հաստատում են, թե տունը կառուցում է Մանուկը.

«Այդ մարդիկ (խոսքը հարևանների մասին է,- հեղ․) նույնպես գործարքի մեջ են Մանուկի հետ: Նրանք ասել են, որ, իբր, Մանուկը տունը սարքել է, սեփականաշնորհել, այդուհետև ես եկել եմ ու ապրել այստեղ: Այդպես, խաբեության միջոցով նրանք հասնում են նրան, որ 2014 թվականին Երևանի քաղաքապետը տալիս է որոշում այն մասին, որ իմ կառուցած տան սեփականատերը հանդիսանում է Մանուկ Ասատրյանը»,- մեզ հետ զրույցում նշեց Մհեր Գալստյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից 2014 թվականի օգոստոսի 15-ին ընդունվում է 3155-Ա որոշումը, որով օրինականացվում է նշյալ հողամասի 839 քմ-ը և Մանուկ Ասատրյանը նախապատվության իրավունքով ձեռք է բերում հողամասն ու դրանում կառուցված շինությունը (խոսքն այն կառույցի մասին է, որտեղ բնակվում են Մհեր Գալստյանն ու կինը,- հեղ)։

Մհեր Գալստյանը նշում է, որ այս որոշման մասին ինքը չի իմացել։ 2016 թվականին մայիսին սկսում է կասկածել, թե, միգուցե, իր կառուցած տան սեփականատերը Մանուկ Ասատրյանն է դարձել։ Դիմում է Երևանի ոստիկանության Մաշտոցի բաժին, հաղորդում է տալիս այն մասին, որ Մանուկ Ասատրյանը Վահե Միքայելյանի գործով դատարանում կեղծ ցուցմունք է տվել, թե սեփականաշնորհել է ոչ թե Մհերի, այլ իր իսկ կողմից կառուցված կառույցը։  

Սակայն ոստիկանության Մաշտոցի բաժնից ծանուցում է ստացվում, որ նույն թվականի մայիսի 30-ին որոշում է եղել, որ  ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Մհեր Գալստյանի կինը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

Իսկ ահա 2017 թվականի մայիսին ամուսինները փոստային ծանուցում են ստանում, որտեղից էլ տեղեկանում են, որ տունն իսկապես սեփականաշնորհված է Մանուկ Ասատրյանի անունով։

Սրանից հետո Մհեր Գալստյանի կինը՝ Սամվելինա Ասատուրյանը, 2017 թվականի հուլիսի 14-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի 3155-Ա վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու և այն վերացնելու պահանջով։ Նշենք, որ այս որոշմամբ է սեփականաշնորհվել 839 քմ հողատարածքն ու դրանում կառուցված տունը։

Սակայն վարչական դատարանը հայցադիմումը չի ընդունել վարույթ և ետ է վերադարձրել այն պատճառաբանությամբ, որ Սամվելինա Ասատուրյանի, նրա ամուսնու և Մանուկ Ասատրյանի միջև դեռևս 2016 թվականի հոկտեմբեր ամսին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Սամվելինա Ասատուրյանի և նրա ամուսնու կողմից մատնանշվել է Երևանի քաղաքապետի որոշումը վիճարկելու փաստերը, ինչի մասին վկայել են հարևանները։

Մեզ հետ զրույցում ամուսիններն ասացին, որ այդ հարևանները Մանուկ Ասատրյանի և Վահե Միքայելյանի հետ «գործարքի» մեջ են մտել  և ոչ ճիշտ հայտարարություններ են արել:

Սամվելինա Ասատուրյանը  բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու դեմ, սակայն վերաքննիչ ատյանը մերժել է բողոքը և առաջին ատյանի որոշումը՝ հայցադիմումը ետ վերադարձնելու վերաբերյալ, թողել է անփոփոխ:

Սամվելինա Ասատուրյանը այս գործով դիմել է վճռաբեկ դատարան։ Ամուսինների վերջին հույսը մնացել է վճռաբեկ դատարանի որոշումը։  

Իսկ մինչ գործը դատարանում է, ամուսինները փորձել են ոստիկանության միջոցով լուծել գազ և էլեկտրաէներգիա ունենալու հարցը։ 2017-ի դեկտեմբերի 14-ին Մհեր Գալստյանը դիմել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի պետ, գնդապետ Գ. Ամիրխանյանին, խնդրանքով, որ բացատրի Մանուկ Ասատրյանին, որ նրա գործողությունները հանցավոր բնույթ ունեն և պարտավորեցնի նրան մինչև դատական գործի ավարտը (արդեն նշել ենք, որ Սամվելինա Ասատուրյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին) Դավթաշեն 8-րդ փողոցի 2/6 տան էլեկտրաէներգիայի և գազի սնուցումն ապահովել:

Սակայն դեկտեմբերի 21-ին ոստիկանությունից պատասխան է ստացվում, որ իր կողմից նշված տան սեփականատեր է համարվում Մանուկ Ասատրյանը։

Մանուկ Ասատրյանի հակասական ցուցմունքները

Հետաքրքիր է այն, որ դեռևս Վահե Միքայելյանի դեմ հարուցված գործի քննության փուլում Մանուկ Ասատրյանը ցուցմունք է տվել, որ 200քմ տարածքում Մհեր Գալստյանի միջոցով է կառուցվել տունը:

Իսկ ահա 2017 թվականի մայիսի 30-ին ոստիկանությունում լրացուցիչ բացատրություն  տվել, որում նշել է, որ պատրաստ է տունն անվանափոխել Մհեր Գալստյանի անունով, եթե նա կհատուցի իր կատարած ծախսերը՝ մոտ 30.000 դոլար։

(2017 թվականին Մանուկը Մհեր Գալստյանին բանավոր ասել է, թե տունն իր սեփականությունն է։ Մհեր Գալստյանը նորից է դիմում ոստիկանություն և այդ կապակցությամբ 2017 թվականի մայիսի 30-ին Մանուկ Ասատրյանից վերցվում է լրացուցիչ բացատրություն):

«Ստացվում է, որ ես իմ կառուցած տունը պետք է առնեմ, բայց այդպես չի լինում: Ես չէի ուզում տունն ապօրինի կառուցել, բայց նա ինձ վստահեցրեց, որ եթե ես իրեն փող տամ, ապա նա կարող է ամեն ինչ օրինականացնել և կառուցվող տունը սեփականաշնորհել իմ անունով: Հիմա այդ գումարի վեճն է մեր մեջ: Ես չունեմ էլ այդքան գումար, որ տամ»,- նշեց Մհեր Գալստյանը:

Իրավաբան.net-ը կապվեց նաև Մանուկ Ասատրյանի հետ: Մեզ հետ հեռախոսազրույցում Մանուկ Ասատրյանը հերքեց, թե  Մհեր Գալստյանի տված գումարով է սեփականաշնորհել հողատարածքը. «Ինձ ո՞վ պիտի օգներ: 100 տարվա տնօրինած իմ հողամասն է եղել: Դիմում եմ գրել ամեն ձևի և ինչ վճարումներ, որ պետք են եղել՝ արել եմ: Մհեր Գալստյանը ո՞վ ա, որ իմ եղածի վրա խաղա: Ես ինչ արել եմ, ապա արել եմ սեփական միջոցներով և այն գումարը, որը տվել է Մհերը,  ինձ չի տվել: Ում, որ տվել է, նա արդեն իսկ դատապարտված է»:

Ծեր ամուսիններն Ամանորը դիմավորել են մութուցուրտ տանը. Մհեր Գալստյանը հազիվ է մահից փրկվել  

Արդեն 6 ամիս է, ինչ ամուսիններն ապրում են առանց էլեկտրաէներգիայի, իսկ վերջերս դադարեցվել է նաև բնական գազի մատակարարումը: Ինչպես ոստիկանությունից, այնպես էլ ՀԷՑ-ից և «Գազպրոմ Արմենիա»-ից ամուսիններն ի պատասխան իրենց դիմումին, ստացել են նույն պատասխանը՝ տան սեփականատերը Մանուկ Ասատրյանն է։

Տան միակ ջեռուցող սարքը վառարանն է, որտեղից ամուսինները նաև լույսի շող են ստանում սենյակում:

2018 թվականի հունվարի 3-ին Մհեր Գալստյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Սիրտ-թոքային անբավարարությունը կարգավորելու համար նրան թթվածնային հատուկ սարք են տրամադրել.

«Ես շատ վատ էի: Չէի կարողանում շնչել: Շունչս կտրվում էր, խեղդվում էի: Կինս բերեց այդ սարքը, որ միացնի, սակայն այն առանց էլեկտրաէներգիայի չկարողացավ գործի դնել և այդպես հայտնվեցի ծայրահեղ ծանր վիճակի մեջ: Կինս դիմեց «ալտերնատիվ»  այլ միջոցների, որպեսզի փրկի ինձ մեռնելուց, և դա նրան մի կերպ հաջողվեց: Մեռնելուց փրկվեցի… Ես այդ սարքը շատ թանկ գնով եմ ձեռք բերել, սակայն այն պիտանի չէ գործածման առանց էլեկտրաէներգիայի, իսկ ինձ հաճախ է պետք գալիս և հաճախ եմ հայտնվում ծայրահեղ ծանր վիճակում, ունենում թթվածնային անբավարարություն, նյարդային սպազմ: Էլեկտրաէներգիան մեզ այս պահին ծայրահեղ անհրաժեշտ պարագա է, իսկ մենք այն չունենք: Այդ մասին բազմիցս ասել եմ և արդեն վախենում եմ մի բան էլ ավել ասել»,- ասաց Մհեր Գալստյանը:

Մհեր Գալստյանը նշում է, որ իր արդարության հասնելու համար պայքարի ժամանակ, երբ բարձրաձայնում է խնդիրների մասին,  վիճակն ավելի վատանում է. «Ինձ սկսում են ճնշել: Այս անգամ այդ ճնշելու գործընթացն ավարտվեց էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման անջատումով»:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել