Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պարբերաբար ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այս մասին սահմանում է քրեական օրենսգրքի 166.1 հոդվածը:
Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք`
1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: