ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր փոփոխությունների նախագիծ է ներկայացրել՝ զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների իրային ապահովության չափաքանակները հստակեցնելու վերաբերյալ:
Նախագծի համաձայն սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների զինվորական համազգեստի և այլ հանդերձանքի կրման չափաքանակները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված զինծառայողները պարտադիր զինվորական ծառայության մեջ են գտնվելու 3 տարի ժամկետով:
«1) համազգեստի պարագաներ, վերնաշապիկ՝ երկարաթև, փողկապ, կոշիկ՝ կարճաճիտ, խրոմե, մարզակոշիկներ, հողաթափ՝ զորանոցային, հանդերձանք հատկացվում են 3 տարի ժամկետով.
2) կոստյում՝ ձմեռային, դաշտային, հատկացվում է 2 լրակազմ և 3 տարի ժամկետով.
3) ներքնաշոր՝ տաք, հատկացվում է 3 լրակազմ և 3 տարի ժամկետով»,-նշված է նախագծում:
Նշված զինծառայողները պարտադիր զինվորական ծառայության մեջ են գտնվելու 3 տարի ժամկետով:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն գործող որոշման մեջ զինծառայողների իրային ապահովության կարգում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների իրային ապահովության չափաքանակները հստակեցնելու անհրաժեշտությամբ: