Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում:
1971թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ: 1971-1998թթ. մանկական վիրաբուժության, երիկամների եւ լյարդի փոխպատվաստման մասնագիտացnւմ եւ վերապատրաստումներ է անցել Ռուսաստանում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.` ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: 2007-2015թթ.՝ Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ, Եվրոպական մանկական ուրոլոգների միության անդամ, Շվեյցարիայի նեֆրոլոգների միության անդամ, Բելգիայի բժշկության թագավորական ակադեմիայի անդամ: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական վիրաբույժ:
1970-1971թթ. եղել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժնի բուժակ, բժիշկ, 1971-1972թթ.` նույն պոլիկլինիկայի մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ: 1972-1982թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի վիրաբույժ եւ ուրոլոգ, 1982-1990թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է «Ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն»-ը: 1977-1997թթ. եղել է ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997թ. ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 1997-2002թթ.` «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, 1999-2007թթ.` «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, 2003-2007թթ.` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ: 2007թ.` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար:
2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2017թ. ապրիլի 2-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:
Պարգեւատրվել է ԵՊԲՀ 70 եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 եւ 2005թթ., ՀՀ ԿԳՆ), հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով («Officier de I’Ordre National Du Merite») (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «Երախտագիտություն» (2013թ., ԼՂՀ) մեդալներով, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով (2014թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին), «Բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար» մրցանակով (2015թ., ՀՀ նախագահ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով (2016թ.):
3 գյուտի, 7 մենագրության, 215 գիտական հոդվածի հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ եւ չորս թոռ: