Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախարարությանն ամրացված ընդհանուր 1279 169 136 (մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասունինը միլիոն հարյուր վաթսունինը հազար հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
Անհրաժեշտությունը. Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին Փոխըմբռնման Հուշագիր (Հուշագիր): ԻԻՀ կառավարությունը համաձայնել է Հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ Հայաստանի Հանրապետությունում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել Հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:
2011 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (պատվիրատու) և իրանական «Սաներջի» ընկերության (գլխավոր կապալառու) միջև կնքվել է ծրագրի իրականացման պայմանագիր (Պայմանագիր):
2013թ. օգոստոսի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջև կնքվել է Հանձնարարության պայմանագիր, համաձայն որի Պայմանագրով սահմանված պատվիրատուի պարտավորությունների կատարումը` բացառությամբ վճարումների իրականացումը և դրա հետ կապված այլ պարտավորությունների կատարումը, դրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վրա:
Ծրագրի շրջանակներում Մեղրի և Ագարակ քաղաքներում նախատեսված գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, որի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է 1 279 169 136 (մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասունինը միլիոն հարյուր վաթսունինը հազար հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ:
Հաշվի առնելով նշված տարածքների գազամատակարարման կարևորությունը, անհրաժեշտ ենք համարում նշված գույքն՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: