Դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, կտրամադրվի ամսվա ընթացքում երկու անգամ տեսազանգից օգտվելու  հնարավորություն

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով հաստատվում է քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը:

Փոփոխության են ենթարկվում հեռախոսազանգերի և տեսազանգերի տրամադրամն կարգը.

«185.1 Օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու  հնարավորություն: Կալանավորված անձին տեսազանգից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:

185.2 Հասարակական կարգի, ինչպես նաև անվտանգության ապահովման նկատառումներով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշմամբ տեսազանգը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով կալանավորված անձին կամ դատապարտյալին:

185.3 Կալանավորված անձի կամ դատապարտյալի դիմումի հիման վրա տեսազանգից օգտվելու հնարավորությունը տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով:

185.4 Տեսազանգից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որտեղ նշում են կալանավորված անձանց և դատապարտյալների անվանական տվյալները, տեսազանգից օգտվելու հաճախականությունը և տևողությունը, տեսազանգից հրաժարվելու դեպքերը և պատճառները:

185.5 Տեսազանգը կազմակերպվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի՝ դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:

Կանոնակարգի 241-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ ժդ) ենթակետ.

«ժդ) տեսազանգից օգտվելու:» :

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազատազրկված անձանց սոցիալական կապերի պահպանման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ, նշված է նախարարության ներկայացրած փաստաթղթի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել