Փաստաբանի և քննիչի կաշառք վերցնելու գործով մեղադրանք առաջադրվեց նաև ՔԿ բաժնի պետի տեղակալին

Փաստաբան Գայանե Գալոյանի և քննիչ Միքայել Զադոյանի մասնակցությամբ քրեկան գործից մաս է անջատվել:

Անջատված մասով մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալին: Տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գործի նախաքննությունն արդեն ավարտվել է Միքայել Զադոյանի, Գայանե Գալոյանի և կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանի մասով: Գործը կուղարկվի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ քաղաքացի Բաբկեն Գասպարյանը որդուն չձերբակալելու և նրան առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը եւ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել փաստաբան Գայանե Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարը ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին:

Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Միքայել Զադոյանին՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Բաբկեն Գասպարյանին՝ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Փաստաբանի եւ քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել