Աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին և հոգ տանել նրանց մասին։
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում օգնության կարիք ունեցող ծնողների համար նրանց չափահաս աշխատունակ զավակներից ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով։
Զավակներից յուրաքանչյուրից բռնագանձվող ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը` ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։
Չափահաս զավակներից յուրաքանչյուրի առնչությամբ ալիմենտի չափը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել տվյալ ծնողի չափահաս աշխատունակ բոլոր զավակներին, անկախ նրանից, թե պահանջը ներկայացվել է նրանցից մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ:
Զավակները կարող են ազատվել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողների ապրուստը հոգալու պարտականությունից, եթե դատարանի վճռով կհաստատվի, որ ծնողները ժամանակին խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց։
Զավակներն ազատվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողներին ալիմենտ վճարելու պարտականությունից։
Անաշխատունակ ծնողների հանդեպ չափահաս աշխատունակ զավակների կողմից հոգատարության բացակայության և բացառիկ հանգամանքների (ծնողի ծանր հիվանդություն, խեղում ստանալ, նրանց կողմնակի խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) առկայության դեպքում նրանք կարող են դատարանի վճռով մասնակից դարձվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսերը կրելու գործին։
Չափահաս աշխատունակ զավակներից յուրաքանչյուրի կողմից լրացուցիչ ծախսերը կրելու կարգը և այդ ծախսերի չափը որոշում է դատարանը` հաշվի առնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, պահպանելով սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-5-րդ մասերի պահանջները։
Լրացուցիչ ծախսերը կրելու կարգը և այդ ծախսերի չափը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ: