ԱԺ-ում քննարկվում է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը. Ուղիղ

Ազգային ժողովում ընթանում են ԵՏՄ-ից դուրս գալու հարցով խորհրդարանական լսումները:

«Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծում ասվում է. «ԵՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8 տոկոսով, զբաղվածության մակարդակը՝ 13 տոկոսով, միջազգային պահուստները` 40 տոկոսով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են:

ԵՏՄ անդամակցության հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է: Եթե դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործել է 0% մաքսատուրք, ԵՏՄ-ում այն դառնում է 8-12․5%, շաքարավազի (հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից եւ Ուկրաինայից) համար գործող 10% մաքսատուրքը ԵՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է 40%, թռչնամսի համար մեզ մոտ գործող 10%-ը ԵՏՄ-ում կաճի մինչեւ 25%, Հայաստանում արտասահմանյան մեքենաների ներմուծման համար գործող 10% մաքսատուրքը ԵՏՄ-ում տատանվում է 25-200%-ի միջակայքում:

ԵՏՄ անդամ-պետությունները որեւէ օգնություն չեն ցուցաբերել եւ այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի եւ հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր եւ հակամարդկային զինատեսակներով»:

Դաշինքն որպես այլընտրանք տեսնում է ԵՄ-Հայաստանի ակտիվ համագործակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել