ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողներ Աննա Հարությունյանը, Սրբուհի Գրիգորյանը, Ժաննա Հակոբյանը, Հարություն Հովհաննիսյանը, Մերի Բադալյանը, Մերի Մամիկոնյանը, Ջանիկ Իվանյանը և Նարինե Թորոսյանը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի գլխավորությամբ, «Յուքոմ» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել՝ պայմանագրային պարտավորությունների կատարման և բաժանորդային վճարի համաչափ նվազեցման պահանջներով:
Այս մասին հայտնում է ysu.am կայքը:
Սույն գործով ուսանողները գտնում են, որ «Յուքոմ» ՍՊԸ-ն իրավունք չունի սահմանափակելու Անգլիայի պրեմիեր լիգայի խաղերի հեռարձակումը «Матч ТВ» սպորտային ալիքներով և պարտավոր է հատուցել սահմանափակման արդյունքում պատճառված վնասները:
Շուրջ 1 տարի տևած դատական գործընթացից հետո՝ 2017 թ.-ի նոյեմբերի 17-ին, դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն՝ պարտավորեցնելով «Յուքոմ» ՍՊԸ-ին նվազեցնել բաժանորդային վճարը՝ սկսած 2016 թ.-ի օգոստոս ամսից մինչև վճռի փաստացի կատարումը: Դատարանը գտել է նաև, որ այլ հեռուստաընկերության խաղերի ցուցադրման բացառիկ իրավունքի պայմաններում «Յուքոմ» ՍՊԸ-ն կարող է ունենալ սահմանափակման հնարավորություն: Ներկայումս ուսանողներն ուսումնասիրում են վճիռը և քննարկում այն բողոքարկելու հնարավորությունները:
Նշենք, որ Իրավաբանական կլինիկան (Ուսանողական իրավաբանական խորհրդատվության կենտրոն) ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում է, որը 1999 թվականից ի վեր ուսանողների միջոցով անվճար իրավաբանական ծառայություններ է տրամադրում սոցիալապես անապահով քաղաքացիներին քրեական, քաղաքացիական, վարչական, առողջապահական և փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Իրավաբանական կլինիկայի գործունեության նպատակներին համապատասխան՝ ուսանողներն այստեղ քաղաքացիների անձնական շահերի պաշտպանության նպատակով դիմումներ, հայցադիմումներ, ՄԻԵԴ գանգատներ կազմելուց և դատական ներկայացուցչություն իրականացնելուց բացի՝ նմանօրինակ նախաձեռնությունների միջոցով ձեռնամուխ են լինում նաև հասարակության հավաքական շահերի պաշտպանությանը: