«Ազատազրկվածները բանտերում անցնում են դժոխքի միջով». Ավետիք Իշխանյան

Քրեակատարողական հիմնարկներում 2016թ-ի արդյունքով կա մոտ 3900 բանտարկյալ: Ոստիկանության կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի, ազատազրկվածների կրթության, աշխատանքի, սպորտով զբաղվելու իրավունքի իրացման, բժշկական ծառայությունների ապահովման վերաբերյալ բողոքներ ունենալու դեպքում ազատազրկվածները կարող են բողոքարկել վերադասության կարգով: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ հիմա ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը պարզապես բացառում է բողոքարկումը:

Նրա խոսքով՝ բանտերում ներքին, չգրված օրենքներով բանտերում տիրող իրավիճակի կամ հիմնարկի վարչակազմի դեմ բողոքելը, մեղմ ասած, չի խրախուսվում:

Ստրասբուրգում խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջին՝ 2016 թվականի զեկույցում  նշվում է, որ հայաստանյան բանտերը և հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ն գերծանրաբեռնված է:

«Այսօր, եթե Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ գնաք, ապա կտեսնեք, որ 8 հոգու համար խցում 15 և ավելի մարդ է մնում ու ոչ ոք չի բողոքում: Ինչո՞ւ: Միայն առանձնազրույցի ժամանակ, մարդուն վստահելու պարագայում նրանք ասում են՝ եթե բողոքեմ, ապա պատժախցից դուրս չեմ գա: Սա է իրավիճակը»,-նշում է նա:

Իրավապաշտպանը հատկապես ընդգծում է, որ բանտարկյալների հանդեպ վատ վերաբերմունքին նորմալ վերաբերվելը բանտային ենթամշակույթի մաս է կազմում, այսինքն, դատապարտյալը պետք է համակերպվի քրեակատարողական հիմնարկում տիրող իրավիճակի հետ. «Լինում են դեպքեր, երբ բանտարկյալներից ոմանք չեն համակերպվում ու հատուկ այդպիսիների համար գոյություն ունի «թռածների» խուցը, որտեղ նրանք պահվում են»:

Ավետիք Իշխանյանը նշում է, որ չնայած Հայաստանը պարտավորություններ է վերցրել Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի առջև, սակայն այս ոլորտը մեր երկրի իշխանությունների կողմից անտեսված է:

«Ազատազրկվածները մեր հասարակության ամենախոցելի խումբն են, և, ցավոք սրտի, մենք չունենք նաև հասարակական վերաբերմունք՝ ազատազրկվածների նկատմամբ»,-ասում է նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ այս համակարգում կոռուպցիան օրեցօր ծաղկում է, և ամեն ինչ սկսում է հենց դատապարտյալներին բջջային հեռախոսներ ունենալու արգելքից:

«Իսկ ինչո՞ւ թույլ չտալ, որ նրանք օրինական կարգով հեռախոսներ ունենան: Կոռուպցիայի դեմ պայքարելու լավագույն ձևն այսօր հեռախոսները թույլ տալն է: Միևնույն է, եթե ազատազրկվածը օրենքով իրավունք ունի ինչ-որ ժամեր տեղի հեռախոսով խոսելու, ապա ինչո՞ւ ոչ հենց սեփական հեռախոսով: Նրանց համար շատ կարևոր է արտաքին աշխարհի հետ կապ ունենալը»,-նշում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ այն մտայնությունը, թե դատապարտյալը կարող է այլ հանցագործությունների մասնակից դառնալ, ապա այդ հարցը կարելի է լուծել և թող օրենքով սահմանվի, որ այդ խոսակցությունները ձայնագրվեն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել