Հայաստանի ամերիկյան համալսարանը հատուկ կրթական ծրագիր կիրականացնի քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների համար։ Այս առթիվ այսօր համագործակցության պայմանագիր կնքվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր դոկտոր Ռանդալ Ռոդեսի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից։
Ուսումնական ծրագիրն իրականացվելու է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ՝ 5 գործընկեր կազմակերպության հետ։
«Սա եզակի իրադարձություն է Հայաստանի համար: Առաջին անգամ ՔՀԿ-ների կարողությունների զարգացման վերաբերյալ կրթական ծրագիր է իրականացվելու բարձրագույն ուսումնական հաստատության՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից։ Այս առթիվ ես շնորհավորում եմ մեր ՔՀԿ ներկայացուցիչներին»,- ասաց Կարեն Զադոյանը։
Այս դասընթացների առանձնահատկությունը կլինի այն, որ դրանք ժամանակավոր բնույթ չեն ունենա և կիրականացվեն նաև ծրագրի ավարտից հետո․ «Մեր սպասելիքները մեծ են։ Կրթական ծրագիրը կդառնա հավաստագրային ծրագիրը և կլինի ՔՀԿ-ների կառավարման շարունակական կրթության ծրագրի մի մասը, ուսումնական ծրագրի ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները կկազմակերպվեն հանրության համար վճարովի հիմունքներով»,- ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը և վստահեցրեց, որ այս ծրագրով դասավանդելու են լավագույն մասնագետները։
Կրթական ծրագրի շրջանակներում հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով կուսուցանվեն 120 ՔՀԿ ներկայացուցիչներ՝ Երևանից և մարզերից։ Դասընթացների ավարտին ՔՀԿ ներկայացուցիչներին բուհի կողմից կտրվեն ավարտական հավաստագրեր:
Դասընթացների շրջանավարտները կկարողանան մշտադիտարկումներ իրականացնել պետական բյուջեի հատկացումների և քաղաքականությունների իրականացման ոլորտում, հատկորոշել հանրային քաղաքականությունների մշակման համար կարևորագույն խնդիրները, կառուցողական ու ռազմավարական փոխգործակցություն կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Նշենք, որ այս դասընթացն անցկացնելու համար նախորդ ամիս մրցույթ էր հայտարարվել։ Հայտեր ներկայացրած բուհերից ընտրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Բուհի ընտրության հարցում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այն ունի համապատասխան մասնագիտական փորձառություն և փորձագետներ՝ ծրագրով նախատեսված ուսումնական մոդուլները մշակելու և ըստ դրանց դասընթացներ կազմակերպելու համար:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: