Երեխայի շահերը պետք է լինեն առաջնահերթ ուշադրության առարկա. Պաշտպանը՝ Փյունիկի դպրոցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առիթով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Խնդիրը քննարկվել է ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների հետ: Ուղարկվել են համապատասխան գրություններ:

Սեպտեմբերի 1-ից խաթարված է ուսումնական գործընթացը Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում: 44 աշակերտները հրաժարվում են դպրոց հաճախելուց՝ դժգոհելով տրանսպորտային դժվարություններից, որոնք առաջ են գալիս հատկապես 5-6 ամիս ձգվող ձմռան ընթացքում: Այս հարցերը պետք է դառնան կառավարության իրավասու մարմինների կողմից մանրամասն քննարկման առարկա:

Ստեղծված իրավիճակում վտանգվում է Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց հաճախող երեխաների կրթության երաշխավորված իրավունքը: Պետությունը պարտավոր է երաշխավորել  կրթության հավասար հնարավորություններ, մատչելիություն և շարունակականություն:

Այս առումով երեխայի շահերը պետք է լինեն առաջնահերթ ուշադրության առարկա:

Նշենք, որ այսօր դպրոցականները Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել