ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է պաշտպանի բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը այս տարվա հունիսի 22-ին քննության առնելով վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017թ. հունվարի 19-ի որոշման դեմ բերված պաշտպան Ն. Նորիկյանի վճռաբեկ բողոքը, ԹԻՎ ԵԿԴ/0046/13/16 քրեական գործով որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016թ. նոյեմբերի 25-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017թ. հունվարի 19-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ …Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելիս դատարանի հայեցողության սահմանները նախանշվում են օրենսդրի կողմից սահմանված այնպիսի հանգամանքների հաշվառմամբ, ինչպիսիք են՝ կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ:

Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ դատարանի հայեցողությունը սահմանափակված է նաև իրավունքի հիմնարար սկզբունքներով, ինչպիսին է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ վատ վերաբերմունքի արգելքը…

Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՄԻԵԴ մի շարք վճիռներում արտահայտած դիրքորոշումները, արձանագրել է, որ ծանր հիվանդության հիմքով անձին պատժի կրումից ազատելը դատարանի հայեցողությունն է, որն իրացնելիս դատարանը պետք է գնահատի օրենքով սահմանված հիմքերի առկայությունը, որպիսիք են ոչ միայն կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, այլև հիվանդության բնույթը, դատապարտյալի առողջական վիճակը, ազատազրկման վայրում տրամադրվող բժշկական օգնության համարժեքությունը, առողջական վիճակի դինամիկան, անձի վարքագիծը /այն է՝ բժիշկների հետ համագործակցելուց նրա շարունակաբար հրաժարվելը/ և այլ հանգամանքներ:

Վճռաբեկ դատարանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մի շարք հանձնարարականներում նշված չափանիշներին համապատասխան փաստել է, որ եթե անձի առողջական վիճակով պայմանավորված՝ պատիժը կրելուն զուգընթաց անհնարին է վերջինիս ապահովել համապատասխան պատշաճ բժշկական օգնությամբ, ապա հաշվի առնելով անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքըէ անձին պատիժը կրելուց չազատելը չի կարող արդարացվել նրա կատարած արարքի բարձր հանրային վտանգավորությամբ և/կամ նրա դրսևորաշ վարքագծով:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատապարտյալի կողմից կատարված հանցագործության ծանրությունը թեև ունի նշանակություն ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու հարցը լուծելիս, սակայն չի կարող այնպիսի միջնորդությունը մերժելու կամ բավարարելու ինքնուրույն հիմք դիտարկվել նշյալ. նշյալ հանգամանքը ենթակա է գնահատման համակցության մեջ՝ դատապարտյալի հիվանդության և համապատասխան բժշկական օգնություն ստանալու հնարավորության համակողմանի ուսումնասիրության հետ մեկտեղ: Այլ կերպ՝ քննարկվող ինստիտուտի գործադրման հարցը բացառապես հանցագործության որակական և քանակական հատկանիշների հիման վրա լուծելը կամ դրանց հիմնական, առաջնային նշանակություն վերագրելը չի կարող իրավաչափ համարվել:

Ինչ վերաբերում է դատապարտյալի դրսևորաշ վարքագծին, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ծանր հիվանդության հիքմով պատժից ազատելու հարցը լուծելիս այն ունի ավելի նվազ կարևորություն, քնաի որ դուրս է տվյալ ինստիտուտի արժեբանական նշանակությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել