Պատվաստումների ազգային օրացույցը կհամալրվի

«Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման և վերահսկման նպատակով դեռ մի քանի տարի առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման ուղղությամբ քայլեր էր ձեռնարկում։ Միջազգային մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում արդեն հնարավորություն ունենք այն ընդգրկելու Պատվաստումների ազգային օրացույցում»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ։

Փոխնախարարը նշել է, որ աշխարհի 71 երկրում, այդ թվում 33 եվրոպական երկրում` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, արդեն իսկ ներդրվել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները:

«Ծնողներն իսկապես պետք է գնահատեն իրենց տրված այս հնարավորությունը: Երբ նժարի վրա դնեն իրենց երեխայի կյանքն ու պատվաստման հանդեպ ունեցած վերաբերմունքը` առաջինն անպայման հաղթելու է: Մենք բաց ենք, և անհրաժեշտության դեպքում պատրաստ մեր բնակչությանը ներկայացնելու բոլոր հնարավոր ռիսկերը: Աշխարհը գնացել է այս ճանապարհով, և արդյունքները դրական են»,-ասել է Սերգեյ Խաչատրյանը:

Անդրադառնալով պատվաստման հետ կապված հնարավոր դժգոհություններին` ԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն Եգոր Զայցևն ընդգծել է. «ԱՀԿ-ն աջակցում է այս նախաձեռնությանը։ Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման ներդրումը  հեղափոխական քայլ է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի գործում»:

ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը ներկայացրել է, որ Հայաստանում ամեն տարի արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 230-250 առաջնային դեպք։ Նա  մտահոգություն է հայտնել, որ առաջնային հայտնաբերումը զգալի դեպքերում լինում է ուշացած, երբ դժվար է արդյունավետ բուժում ապահովել:

Հայաստանում կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների մեջ արգանդի պարանոցի քաղցկեղն իր տարածվածությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։

Առողջապահության համաշխահային կազմակերպության գլխամասային գրասենյակի փորձագետ պրոֆեսոր Պաուլ Բլյումը,  ողջունելով նախարարության ձեռնարկված ծրագիրը, նշել է. «Ձեր երկրում արդեն իսկ իրականացվող սկրինինգային ծրագրի հետ միասին սա հնարավորություն կտա կանխարգելելու և վերահսկելու այնպիսի ծանր հիվանդություն, ինչպիսին արգանդի պարանոցի քաղցկեղն է»: Նա տվյալներ է ներկայացրել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների  անվտանգության և արդյունավետության վերաբերյալ։

Շվեդիայից ժամանած պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները, ներկայացնելով մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման իր երկրի դրական փորձը, նշել է, որ մի քանի տարվա ընթացքում նախաքաղցկեղային հիվանդությունների կտրուկ նվազում է արձանագրվել։

Նշենք, որ ԱՀԿ փորձագետները Հայաստանում են գտնվում Պատվաստումների ազգային օրացույցում ՄՊՎ դեմ պատվաստանյութի ներդրման  ազգային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել