Նոր ուսումնական տարվա գլխավոր առանձնահատկությունը 12-ամյա պարտադիր կրթության օրենսդրական պահանջն է: Այս մասին նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: ԿԳՆ-ն ուշադրություն է դարձնելու երկու խնդրի՝ առաջին, որ երեխաները ժամանակին՝ այսինքն 6 տարեկանից հաճախեն դպրոց և երկրորդ, որ հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո երեխաները անպայման շարունակեն կրթությունը՝ հաճախելով կամ ավագ դպրոց, կամ էլ քոլեջ և ուսումնարան: Ըստ Աշոտ Արշակյանի՝ մի շարք ծնողներ խուսափում են իրենց երեխային 6 տարեկանից դպրոց ուղարկել, մտավախությամբ, թե նրանք դեռ պատրաստ չեն դպրոցին: Վարչության պետը հավատացնում է, որ այդ մտավախությունը անհիմն է:
Ինչ վերաբերում է կրթությունը 9-րդ դասարանից հետո շարունակելու խնդրին.«9-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը պետք է իր կրթությունը շարունակի դպրոցում կամ միջին մասնագիտական կրթական հաստատությունում, սակայն ուսումնական պրոցեսը չի կարող կիսատ թողնել, քանի որ 12-ամյա կրթությունը, դառնում է պարտադիր պայման»,-նշել է Ա. Արշակյանը՝ հավելելով, որ օրենսդրությամբ երեխային դպրոց չտանելու համար ծնողների նկատմաբ կարող է վարչական տույժ կիրառվել: Մեր իրականության մեջ սակայն առայժմ նման դեպքերի համար վարչական տույժի կիրառման դեպքեր չեն եղել:
ԿԳ նախարարությունը 12-ամյա պարտադիր կրթության օրենսդրական պահանջի կիրարկումն ապահովելու նպատակով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ԿՏԱԿ-ի հետ համատեղ պատրաստվում է գործարկել կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման էլեկտրոնային համակարգ, որը որպես փորձնական ծրագիր կներդրվի Լոռու մարզում: Անդրադառնալով համընդհանուր ներառականության անցնելու միջոցառումներին՝ բանախոսը տեղեկացրել է, որ հատուկ դպրոցները, որոնք ՀՀ-ում 21-ն են, վերակազմակերպվելու են՝ դառնալով մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող կենտրոն: Սյունիքի մարզում աշխատանքներն ավարտված են, գործըթնացը շարունակվում է Տավուշի և Լոռու մարզերում.«Մինչև 2025 թվականը մենք կանցնենք համընդհանուր ներառական կրթության: Այստեղ ևս խնդիր կա երեխայի կրթությունից դուրս մնալու հետ կապված, քանի որ շատ ծնողներ իրենց երեխաներին ուսման չեն տալիս, կարծելով, որ նրանց անհրաժեշտ են հատուկ պայմաններ: Այս համակարգը թույլ կտա հայտնաբերել նաև այդ երեխաներին և լուծել այդ խնդիրը»,-ընդգծել է Աշոտ Արշակյանը:
Ա. Արշակյանի տեղեկացմամբ նախնական տվյալներով այս տարի առաջին դասարան կհաճախի շուրջ 40000 երեխա:
Առաջին դասարանի աշակերտների վերջնական թիվը հայտնի կլինի սեպտեմբերի 5-ից հետո, երբ կձևավորվեն դասարանները: