ՓՊ նախագահի թեկնածուն սկսել է քարոզարշավը. նա անդրադարձել է հանրային պաշտպանի գրասենյակի հիմնահարցերին

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը նախընտրական քարոզարշավը սկսել
է մարզերից: Օգոստոսի 26-ին այցելել է Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր՝ հանդիպելով տեղի
փաստաբանների հետ: Այս մասին հայտնում են նրա նախընտրական շտաբից:

Արարատի մարզի փաստաբանների հետ հանդիպման ընթացքում թեկնածուն անդրադարձել է
փաստաբաններին հետաքրքրող մի շարք թեմաների։ Քննարկվել են հանրային պաշտպանի գրասենյակի
զարգացման, նորագույն տեխնոլոգիաների կիրառման մշակույթի բացակայության, Փաստաբանների
պալատի և Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հաստիքների հետ կապված հարցեր։

Պալատի նախագահի թեկնածուն փաստաբաններին ներկայացրել է իր պատկերացումները նախորդ 4
տարիներին կատարված ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում՝ խոսել է ծրագրային դրույթների
մասին, ինչպես նաև այն քայլերի մասին, որոնք դեռ պետք է իրականացվեն:

«Որպես ներքին խնդիր նշել եմ հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը։ Նշեմ, որ այս
խնդիրը եղել է նաև նախկինում։ Կարծում եմ՝ սա մշտական խնդիր է լինելու։ Երբեմն ընդդիմախոսներն էլ
ասում են նախընտրական նախորդ ծրագրի ժամանակ ես ասել եմ կա ծանրաբեռնվածություն, ինչպես հիմա
եմ ասում, և որոշակի միջոցառումներ ենք իրականացրել այդ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու
ուղղությամբ։ 4 տարիների ընթացքում մենք փորձել ենք դա իրականացնել. մասնավորապես 5 հաստիք ենք
ավելացրել, և այդ հինգ հաստիքը բաշխել ենք ոչ թե անձով, այլ բաժանել ենք 0.25 դրույքաչափերի ու
ռացիոնալ բաշխել մարզերում»,-նշել է Արա Զոհրաբյանը:

Հանրային պաշտպանի գրասենյակի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի շարքում
թեկնածուն առանձնացրել է ՀՊԳ որակի բարձրացումը: Նա նշել է, որ հասարակության հոգեբանության
մեջ կա այն մտայնությունը, որ այն ինչը պետական է, ապա անորակ է։ «Մենք խնդիր դրեցինք, որ
հանրային պաշտպանությունը պետք է բերենք բարձր մակարդակի։ Այստեղ հաջորդ պրոբլեմն առաջացավ՝
որ այն ինչը լավ ես անում, ծանրաբեռնվածություն է ստեղծում: Օրինակ պատկերացրեք, բժշկական
անվճար ծառայությունը բարձր որակով է, բոլորը գալիս են այդտեղ, նույնիսկ վճարունակները։ Այսինքն,
որակի բարձրացումն ինքնին բերեց ծանրաբեռնվածության ավելացման։ Բայց որակի հաշվին
ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն, երբեք չենք գնա»,-ընդգծել է թեկնածուն:

Նա նաև հայտնել է, որ առավել թափանցիկ է դարձել Փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական
գործունեությունը, նշանակվել է ֆինանսական տնօրեն, օպտիմալացվել է գնումների գործընթացը, իսկ
եռամսյակային և տարեկան կտրվածքով հաշվետվությունները տեղադրվում են պաշտոնական կայքում:
Փաստաբանների պալատում ներդրվել է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային Mullberry
համակարգը: Ուշադրություն է դարձվել հանրային կապերի զարգացմանը, ինչը Փաստաբանների պալատի
գործունեության թափանցիկության գրավականն է: Նման դիտարկում է կատարել փաստաբանների պալատի
նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:

Ամփոփելով հանդիպումը թեկնածուն նշել է, որ իր պաշտոնավարման տարիներին գնահատել և ընդունել է
մասնագիտական համայնքն ավելի լավը դարձնելու խորհուրդները, առողջ քննադատությունները և
առաջարկները: Փաստաբանական համայնքն առավել ուժեղ, իսկ փաստաբանի ձայնը լսելի դարձնելու
ճանապարհը միասնականությունն ու համախմբվածությունն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել