34-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ամուսինը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  34-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։

2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է Մ. Աղաջանյանը՝ ծնված 1983թ.:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դին՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ՝ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարցաքննվել տարբեր անձինք։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ. Աղաջանյանը ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվել է բռնությունների: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով:

34-ամյա կնոջ ամուսինը ձերբակալվել է՝ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել