Սրճարանները չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին. քաղաքապետ

«Սեզոնային սրճարաններին և հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետևել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար», այս մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը: Նա նաև ընդգծել է, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:

«Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները: Խստորեն հետևեք, որ տնտեսվարողները չգերազանցեն իրենց գործունեության համար հատկացված տարածքների սահմաններն ու այդպիսով խոչընդոտեն քաղաքացիների ազատ տեղաշարժը: Սա անթույլատրելի է», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչություններին, հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել, որպեսզի բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալները իրենց աշխատանքները կազմակերպեն բացառապես հատկացված տարածքներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել