ՏՄՊՊՀ-ը մերժեց ՀՀ Նոտարական պալատի դիմում-բողոքը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին է դիմել ՀՀ Նոտարական պալատը՝ տեղեկացնելով, որ «ԷՍ ԷՄ ՋԻ» ընկերությունը Երևանում գործող մի քանի նոտարական գրասենյակներին կից տարածքում ի թիվս այլ ծառայությունների    ծավալում է թարգմանչական գործունեություն: Ըստ դիմում-բողոքի, ընկերությունը իր գովազդային վահանակի վրա կիրառում է «թարգմանություն՝ նոտարական վավերացմամբ»  արտահայտությունը՝ հանրության մոտ ստեղծելով թյուր տպավորություն, որ այն իրականացվում է ոչ թե մասնավոր ընկերության, այլ տվյալ տարածքի նոտարի կողմից: Ըստ Նոտարական պալատի տեսակետի, նման գործունեությունը կարող է վնասել իրենց գործարար համբավին:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովը համակողմանի ուսումնասիրել է խնդիրը՝ պարզաբանում պահանջելով «ԷՍ ԷՄ ՋԻ» ընկերությունից: Ըստ պարզաբանման, ընկերության գործունեությունը չի կարող որևէ կերպ սպառողների շրջանում շփոթություն առաջացնել, առավել ևս արատավորել նոտարի համբավը, քանի որ վահանակի վրա ընդամենը գովազդվում են իրենց կողմից մատուցվող ծառայությունները. «Գովազդային վահանակում նշված չէ, որ ընկերությունը մատուցում է նոտարական ծառայություն կամ հանդիսանում է նոտարական գրասենյակ: Այլ նշված է, որ մատուցում է թարգմանչական ծառայություններ, այդ թվում` այնպիսի թարգմանիչների միջոցով, որոնք կատարված թարգմանությունը հետագայում ենթարկվում է նոտարական վավերացման: Գովազդի որևէ մասից հնարավոր չէ ուղակի կամ անուղակի մոլորության մեջ հայտնվել, և մտածել, որ ընկերությունը նոտարական գրասենյակ է, իսկ վերջինիս տնօրենը, աշխատակիցները կամ համագործակցող անձինք` նոտար»,-նշված է պարզաբանման մեջ:

ՏՄՊՊՀ-ը, համակողմանի ուսումնասիրության արդյունքում որոշմամբ ամրագրեց, որ տնտեսվարողները սահմանափակված չեն իրենց գործունեությունը իրականացնելու այն վայրում, որն առավել հարմար և շահավետ է իրենց բիզնես-գործունեության  կազմակերպման տեսանկյունից:  Այն հանգամանքը, որ «ԷՍ ԷՄ ՋԻ» մասնավոր ընկերությունը գտնվում է որևէ տարածքի նոտարական գրասենյակին կից, չի կարող օրենքի խախտում համարվել: Հանձնաժողովը գտնում է, որ տնտեսվարողը գովազդային վահանակի միջոցով ներկայացրել է իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, նշելով, որ թարգմանությունները կարող են լինել նաև նոտարական վավերացմամբ, ինչը մրցակցային օրենսդրության խախտում չէ:  Հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում վերոնշյալ ընկերության կողմից շփոթության կամ մոլորեցման հատկանիշներ չեն հայտնաբերվել: Վերոնշյալը հաշվի առնելով, ՏՄՊՊՀ-ը մերժում է ՀՀ Նոտարական պալատի դիմում-բողոքը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել