Դատարանում հաճախ անհիմն սահմանափակվում է լրագրողի աշխատանքը

Դատաիրավական ոլորտը լուսաբանող լրագրողները ներկայացնում են բազմաթիվ օրինակներ, երբ նիստը նախագահող դատավորը արգելել է տեսանկարահանել նիստը կամ կարճ ժամանակ է սահմանել տեսանկարահանման համար (հիմնականում 10 րոպե): Արգելելու «հիմք» դատավորը համարել է այն, որ իր «տեսքը լավը չէ» կամ առհասարակ չի եղել որևէ հիմնավորում:

Դատարանում լրագրողների աշխատանքը սահմանափակելու վերաբերյալ այսօր քննարկում էր կազմակերպել «Իրավունքի ուժ» ՀԿ-ն, որը ներկայումս աշխատանքներ է տանում խնդիրները համակարգելու, վերլուծելու և դրանց հիման վրա օրենսդրական առաջարկությամբ հանդես գալու ուղղությամբ:

 Իրավաբան.net-ը ավելի վաղ անդրադարձել էր այն խնդրին՝ նշելով օրենսդրական թերի և խնդրահարույց նորմերին: Բանն այն է, որ հիմնականում լրագրողների աշխատանքները սահմանափակվում են իրավական կարգավորումների բացակայության պատճառով:

Նախ չկա որևէ կարգավորում, թե լրագրողը ինչպես պետք է դիմի դատարանին՝ տեսանկարահանելու թույլտվություն ստանալու համար կամ արդյո՞ք բավարար է մեկ անգամ թույլտվություն ստանալ ողջ դատավարությունը լուսաբանելու համար, թե յուրաքանչյուր նիստին պետք է թույտվություն խնդրել:  Քննարկման արդյունքում առաջարկություն եղավ սահմանել նորմ, որպեսզի նախագահող դատավորը մինչ դատական նիստի սկսելը տեղեկանա՝ արդյո՞ք նիստերի դահլիճում լրագրողներ կան և քննության առարկա դարձնի լուսա- և տեսանկարահանման հարցը և որոշում ընդունի դրա վերաբերյալ:

Ի դեպ, կարևոր է նաև այն, որ դատավորի կողմից ընդունված որոշումները պարտադիր կերպով հիմնավորվեն և ենթակա լինեն բողոքարկման: Թերևս կարգավորումների դեպքում իրավիճակը զգալիորեն կշտկվի:

Ի դեպ, քննարկմանը ներկա դատական նիստեր լուսաբանող լրագրողները կողմ էին, որպեսզի սահմանվեն նաև սանկցիաներ՝ ոչ թույլատրելի դեպքերում լուսա/տեսանկարահանում իրականացնելու և հրապարակելու համար (օրինակ, երբ դատարանի որոշմամբ, արգելվում է ամբաստանյալին նկարահանել կամ անչափահաս տուժողին,և այլն):

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել