Երբ ամբաստանյալը կողմ է տեսանկարահանմանը, իսկ դատավորը՝ ոչ…

Ինչպես արդեն իսկ հայտնել ենք, այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ:

Սա գործով երկրորդ դատական նիստն էր: Առաջին դատական նիստին ներկա 168.am լարտվական կայքի լրագրողը դատարանին խնդրել էր՝ թույլ տալ տեսանկարահանում կատարել: Մեղադրող դատախազն առարկել էր, ամբաստանյալը՝ կողմ էր եղել, սակայն դատարանը որոշել էր մերժել միջնորդությունը:

Այսօրվա դատական նիստը սկսելուց հետո սակայն դատարանը, տեսնելով, որ ներկա են շուրջ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդպես էլ չտեղեկացրեց, որ նման որոշում է եղել: Իսկ երբ Իրավաբան.net-ի լրագրողը ոտքի կանգնեց՝  տեսա և լուսանկարահանելու միջնորդություն ներկայացնելու համար և դիմեց՝ «Հարգելի դատարան…», դատավորը բղավեց՝ «Նստեք»:

Yerkir.am լրատվական կայքի լրագրողը նույնպես փորձեց նման միջնորդություն անել, իսկ դատավորը «պարզաբանեց», որ նախորդ անգամ նման որոշում է ընդունել և դրա մասին լրատվամիջոցը գրել է: Փաստորեն, լարտավամիջոցի հրապարակումը պետք է ծանուցում լիներ մեզ համար: Ի դեպ, ընդգծենք, որ դատարանը, նիստը սկսելուց հետո, նման որոշման մասին չէր հայտնել: Թեև, հանուն ազնվության նշենք նաև, որ մինչ նիստը սկսելը դատարանի աշխատակիցը լրագրողներին զգուշացրեց, որ նման հարց է քննարկվել ու արգելվել է ձայնագրառելն ու տեսագրառելը: Երբ լրագրողները նրան հակադարձեցին, թե ձայնագրառելը արգելվել չէր կարող, քանի որ օրենքը թույլ է տալիս դա անել, վերջինս ընկրկեց:

Նշենք նաև, որ մինչ դատական նիստը սկսվելը մեղադրողին խնդրեցինք՝ չառարկել միջնորդության դեմ, խոստանալով, որ իրեն չեն նկարահանի, նա համաձայնեց:

Լրագրողների կողմից դատական նիստերը տեսանկարահանելը բազմիցս գլխացավանքի պատճառ է դառնում: Եվ պատճառն այն է, որ ամեն դատավոր «իր տարբերակով» է աշխատում լրագրողների հետ: Օրինակ, նույն դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նախընտրում է յուրաքանչյուր դատական նիստի համար նման միջնորդություն անել, այս ոճով է աշխատում նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Այս հարցում մաքսիմալ լիբերալ են Կենտրոն և Նորք Մարաշ ՎՇԸԻ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, Շենգավիթ ՎՇԸԻ դատարանի դատավոր Ալեքսանդ Ազարյանը, և այլք:

Ինչպե՞ս դիմել դատարանին

Սա դատարան մտնող յուրաքանչյուր լրագրողին հետաքրքրող առաջնային հարցն է: Սովորաբար, քրեական գործերով նիստը սկսվելուց հետո մենք դիմում ենք դատարանին՝ խնդրելով թույլ տալ տեսա- և լուսանկարահանել: Սովորաբար, դատարանը միջնորդության վերաբերյալ կողմերի դիրքորոշումն է հարցնում. եթե կողմերից մեկը դեմ է արտահայտվում, ապա դատարանը թույլատրում է նիստի նկարահանումը՝ արգելելով բացառապես տվյալ անձին լուսանկարահանել: Իսկ եթե բոլոր կողմերն են դեմ լինում, բնականաբար, միջնորդությունը մերժվում է:

Լինում են դեպքեր, երբ դատավորի հետ  այս հարցով «շփվումը» լինում է դատական կարգադրիչների և նիստերի քարտուղարի միջոցով: Ցավոք, եղել է դեպք, երբ նիստերի քարտուղարի միջոցով դատավորը թույլատրել է տեսանկարահանել, իսկ երբ նիստի ժամանակ կողմերից մեկին վրդովվեցրել է տեսախցիկի առկայությունը, դատավորը այնպես անկեղծորեն է բարկացել լրագրողի վրա՝ նկարահանելու համար, որ ակամայից մտածել ենք՝ միգուցե խնդրանքը քարտուղարի միջոցով իրեն չի փոխանցվել:

Եվ բացառելով նման տհաճ իրավիճակները, առավել նպատակահարմար ենք համարում դիմել անմիջապես դատավորին: Սակայն, ցավոք, հանդիպում են վերը նկարագրվածի նման իրավիճակներ, երբ հարգալից կերպով դիմում ես դատարանին, իսկ վերջինս բաղավում է՝ նստեք:

Իսկ ի՞նչ է ասում օրենքը

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114 հոդվածի  3-րդ կետը սահմանում է. «Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն եւ ձայնագրություն: Դատական նիստի կինո եւ լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաեւ հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ»:

Օրենսդրական կարգավորում կա նաև վարչական գործերի դեպքում: Մասնավորապես, Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը սահմանում են. «5. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահից դահլիճում արգելվում է լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, հեռարձակումը։ 6. Դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են դատավարության մասնակցի միջնորդությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ»:

Ի դեպ, 6-րդ մասի հետ կապված նույնպես խնդիրներ են առաջանում. երբ կողմերից որևէ մեկը միջնորդում է, որպեսզի ներկա լրագրողը լուսա- կամ տեսանակարահանի, որոշակիորեն ստվերվում է լրագրողի օբյեկտիվությունը:

Իսկ ինչ վերաբերում է քրեական դատավարությանը, ապա համապատասխան օրենսգիրքը այս հարցին չի անդրադարձել, և դատավորները կամային լուծումներ են գտնում: Վերոհիշյալ դեպքում, օրինակ, դատավոր Վ. Աբրահամյանը, անհասականալի է, թե ինչու՞ է մերժել միջնորդությունը՝ կարևորել մեղադրողի դիրքորոշումը և ոչ ամբաստանյալինը, ով, ի դեպ, ավելի խոցելի իրավիճակում է գտնվում:

Ի դեպ, նշենք, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով այս բացը փորձ է արվել լրացնել: Մասնավորապես, 274-րդ հոդվածի 1-ին մասով. «Դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարել գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաև ձայնագրառում: Դատական նիստի ընթացքի տեսագրումը կամ լուսանկարահանումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը կամ լուսանկարումը կարող է արգելվել դատարանի որոշմամբ` կողմերի կարծիքը լսելուց հետո»:

Եվ քանի որ կա դատարանին նման բովանդակությամբ միջնորդությամբ դիմելու կրագի բացակայություն (առաջնորդվում ենք բացառապես ընդունված պրակտիկայով), Իրավաբան.net-ը դիմել էր Հայաստանի դատարանների նախագահաների խորհրդի նախագահ և վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե ինչպե՞ս պետք է լրագրողները  լուսա- և տեսանկարահանելու  թույլտվություն ստանալու համար դիմեն դատավորին: դիմեն դատավորին` դատական նիստում լուսանկարելու եւ տեսանկարահանելու թույլտվություն ստանալու համար: Ի պատասխան մեր գրությանը հայտնել են.

«Տեղեկացվում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տեղեկացվում է, որ գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը դուրս է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունների շրջանակից»:

Նշենք, որ մենք ոչ թե խորհրդատվություն, այլ տեղեկատվություն էինք խնդրել: Իսկ մինչ այս հարցը կարգավորված չէ, դատավորները առաջնորդվում են սեփական նախընտրություններով ու սուբյեկտիվ որոշումներ ընդունում:

Լուսանկարում՝ դատավոր Վարդան Աբրահամյանը

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել