ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, առաջադրվել մեղադրանքներ:
2017թ. մարտի 27-ին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել ընտանեկան բռնության վերաբերյալ. կինն ահազանգել է, որ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ամուսինը բռնություն է գործադրել իր նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին:
Ահազանգում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է կնոջ օտարազգի ամուսնու կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք։
Բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր դեղահաբեր, որոնք, նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն, պարունակել են մեթադոն տեսակի թմրամիջոց: Բացի այդ, նախնական քննության տվյալներով՝ տղամարդն ապօրինի ձեռք բերած և պահած մեթադոն տեսակի թմրամիջոցից 2017թ. հունվար և փետրվար ամիսներին իրացրել է նաև օտարազգի իր ծանոթին:
Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ կնոջ ներկայացրած ահազանգի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: