ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացնում է, ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ կատարված կարևոր փոփության վերաբերյալ՝ մինչև 16 տարեկան երեխաների անձնագրավորման գործընթացում: Այդ մասին նա գրում է.
«Անձնագիրը մինչև 16 տարեկան երեխային տրամադրվում է ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի (խնամակալ, հոգաբարձու) դիմումի հիման վրա:
Հին նմուշի անձնագիր ստանալու կարգում կատարվել է փոփոխություն, համաձայն որի, եթե մինչև 16 տարեկան երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը անձնագրային ծառայություն, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։
Տվյալ դեպքում, դիմումում առկա ստորագրությունը նոտարական կարգով վավերացնելուց հետո, այն անձնագրային ծառայություն ներկայացնելու է նրա կողմից լիազորված անձը՝ իր հետ ունենալով նաև լիազորությունը հավաստող փաստաթուղթ (լիազորագիր): Վարչարարությունը պարզեցնելու համար կարող է ներկայացվել մեկ փաստաթուղթ, օրինակ, լիազորագիր՝ հաստատված նոտարական կարգով, որը կբովանդակի ծնողի կողմից երեխայի անձնագիր ստանալու կամարտահայտությունը և ում է լիազորում նշված գործությունը կատարելու դիմումը ներկայացնելու համար:
____________________________________________________
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
Հիշեցնենք, որ բիոմետրիկ անձնագիր ստանալու գործընթացում նման ընթացակարգ նախատեսված էր 2012թ. հունիսի 1-ից, օրենքի ուժի մեջ մտնելու պահից»:
Նշենք, որ նոր ընթացակարգը գործում է 28.01.2017թ.-ից: