Մարզպետ Մեժլումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ նոյեմբերի 21-ին ժամը 19:00-ի սահմաններում Տավուշի մարզի Տավուշ գյուղին պատկանող Արդամ կոչվող հանդամասում գտնվող Տավուշ գյուղի բնակիչ Սամվել Առուստամյանին պատկանող անասնապահական ամառանոցի կացարանում վերջինիս կացարանից կատարված գողության հանգամանքները պարզելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծալովի դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Աշոտ Խաչատրյանի որովայնի շրջանում, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։
Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Զ. Զաքինյանի նախագահությամբ։
Ամբաստանյալ Մարզպետ Միքայելի Մեժլումյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2015թ. նոյեմբերի 21-ին իրեն զանգահարել է Արման Ծատուրյանը և հայտնել, որ իրեն կասկածում են գողության կատարման մեջ, և նշված հարցը պարզաբանելու համար գնացել է հանդամաս: Ֆերմայում հանդիպել է Աշոտ Խաչատրյանին և հարցրել, որ ինչու է ասել, որ ինքը գողություն է կատարել, սակայն վերջինս հայտնել է, որ իր անունը չի շոշափել: Այնուհետև հարցրել է Արմանին, թե ինչու է ստում, սակայն վերջինս հաստատել է, որ Աշոտը ստում է. իր անունը շոշափել է: Դրանից հետո Աշոտն ասել է, որ Անուշի տղա Սամոն է իր անունը տվել: Իրենք մի քանի հոգով բարձրացել են դիրքեր, որտեղ ծառայում էր Սամվելը, հանդիպել նրան, և վերջինս հայտնել է, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Հետո վերադարձել են ֆերմա: Ֆերմայում վիճաբանություն է սկսվել: Դեպքի ժամանակ ինքը կացարանի ներսում է գտնվել, բարձր ձայներ է լսել: Դրանից հետո Աշոտին ներս են բերել և ինքն այդ ժամանակ նկատել է, որ Աշոտը վնասվածք ունի: Աշոտը հայտնել է, որ ինքն է իրեն խփել: Այնուհետև դուրս է եկել և նկատել դանակը ծառի տակ ընկած, ավելորդ միջադեպից խուսափելու նպատակով դանակը, առանց փակելու, վերցրել է և նետել ձորը: Դրանից հետո եկել են Բերդ քաղաքի հիվանդանոց, տեսակցել Աշոտին: Այնուհետև իրեն տարել են ոստիկանության բաժին և հայտնել, որ ինքն է Աշոտին դանակահարել: Ամբողջ գիշեր իրեն և իր ընկեր Սերոժին ոստիկանության բաժնում պահել են, ծեծի ենթարկել, որպեսզի արարքն իր վրա վերցնի: Որպեսզի իրեն և ընկերոջը չծեծեն, ստիպված ասել է, որ ինքն է դանակահարել: Հաջորդ օրը տարել են դեպքի վայր, որտեղ ինքը ցույց է տվել ընկած դանակի տեղը և հայտնել, թե որ ուղղությամբ է նետել: Նախաքննական ցուցմունքներում ինքը չի նշել, որ ինքն է Աշոտին վնասել, միայն բացատրության ժամանակ հայտնել է, որ ինքն է դանակահարել, որպեսզի իրենց ծեծի չենթարկեն: Դեպքի վայրի զննության ժամանակ քննիչ Մայիլյանին հայտնել է, որ ինքը չի դանակահարել, վերջինս ասել է․ «Բա էս ինչ ենք անելու»։ Այնուհետև նա առանձնացել է, խոսել ոստիկանության բաժնի պետի տեղակալ Պողոսյանի հետ, հետո շարունակել քննչական գործողությունները: Դեպքի վայրում բոլորն ալկոհոլի ազդեցության տակ են գտնվել: Դեպքի վայրի զննության ժամանակ ընթերակաները հեռու են եղել և որևէ գործողության չեն մասնակցել: Ինքը եղել է միայն քննիչի և ոստիկանության պետի տեղակալի հետ և նրանց ցույց է տվել դանակը վերցնելու և գտնվելու տեղերը: Ստորագրել է միայն իր ասածների համար, սակայն չի իմացել, թե ինչ է այնտեղ գրվել:
Գործով տուժող Աշոտ Խաչատրյանը ցուցմունք տվեց այն մասին, որ վիճաբանության ժամանակ բոլորը սկսել են իրեն սպառնալ, վախի պատճառով ինքն իրեն վնասել է: Դանակը գրպանից հանել է, բացել և իրեն վնասել: Ինքը ձախլիկ է և ձախ ձեռքով իրեն երեք անգամ հարվածել է: Մարզպետն իրեն չի վնասել, այդ մասին ոստիկանությունում նույնպես հայտնել է:
Գործով անցնող մյուս վկաներն էլ ցուցմունք են տվել այն մասին, որ Աշոտ Խաչատրյանն է ինքն իրեն վնասել։
Դատարանաը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Մարզպետ Մեժլումյանին արդարացրել է` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, նա ազատ է արձակել դատարանի դահլիճում:
Տուժողի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառով նշված հարցը համարվել է լուծված:
Գործը բողոքարկվել է վերաքննիչ ատյանում, դատաքննությունը դեռևս շարունակվում է։