Կառավարության այսօրվա նիստին արդեն երկրորդ ընկերությունն ազատվեց ներմուծվող սարքավորումների համար մաքսատուրքից։ Առաջինը «Սևանի իշխան» ՓԲԸ-ն էր, երկրորդը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն է։
Ըստ նախագծի՝ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել խոշորագույն շինարարական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության տարածքներում։
Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է ներդրումներ կատարել շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 885 մլն ՀՀ դրամ:
Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտնեց, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 167 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 165 հազ. ՀՀ դրամ, 2018թ.- 172 հազ. ՀՀ դրամ և 2019թ.-180 հազ. ՀՀ դրամ: