«Սևանի իշխան» ՓԲԸ-ն կազատվի մաքսատուրքից. խոստանում են 682 մլն դրամի ներդրում իրականացնել, 23 աշխատատեղ ստեղծել

Կառավարությունն այսօր  «Սևանի իշխան» ՓԲԸ-ին ներմուծվող սարքավորումների մասով ազատեց մաքսատուրքից, իսկ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգեց։

Նախագիծը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ հայտնելով, որ ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 682 մլն ՀՀ դրամի չափով, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 278 մլն ՀՀ դրամ, կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 290 հազ. ՀՀ դրամ, 2018թ.- 290 հազ. ՀՀ դրամ և 2019թ.-290 հազ. ՀՀ դրամ:

Նախատեսվում է ստեղծել ձկան սելեկցիոն տնտեսություն։

Վարչապետ Կարեն Կարապետյանը այս պայմանագիրը գնահատեց որպես «լավ գործարք»։

Նշենք, որ «Սևանի իշխան» ընկերությունը ստեղծվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից, այն պետք է իրականացնի Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել