Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի 9-րդ շենքի 1-ին շքամուտքի բնակիչները դեռևս 2013թ. հուլիս ամսից պայքարում են համայնքի անգործության դեմ:
Այս նույն շենքի 5-րդ բնակարանում համայնքի թույլտվությամբ բնակվում են հոգեկան շեղում ունեցող թվով 4 քաղաքացիներ, նրանց բնակարան սանհանգույցում չկան ոչ մի տեխնիկական սարքեր, չի գործում կոյուղաջրերը տանող հատակի ձագարը և կեղտաջրերը թափվում են ցած` ուղիղ թիվ 2 բնակարան:
Արդյունքում նույն տան բնակիչը, ով Ռուսաստանում էր, 2014թ․ ժամանում է Վանաձոր և պարզում, որ ամիսներ շարունակ ջուր է թափվել իր բնակարան և գույքին պատճառել լուրջ վնասներ։
Քաղաքացու իրավունքների պաշտպանությունը ստանձնում է փաստաբան Արթուր Սուքիասյանը․ «Սկզբնական շրջանում ես քաղաքապետարանի հետ փորձել եմ բանակցություններ վարել, որոնք ձեռնտու էին ինչպես բնակչին, այնպես էլ շենքին և համայնքային իշխանությանը»,- ասաց փաստաբանը՝ պարզաբանելով, թե ինչու․ «Այն բնակարանը որտեղից ջրերը թափվել էին, համայնքին պատկանող բնակարան էր, ու այդ բնակարանում ապրում էին հոգեկան հիվանդությամբ տառապող անձիք, որոնք բոլոր մյուս բնակիչների համար վտանգ են ներկայացնում ու հակասանիտարական իրավիճակ ստեղծում, նույն քաղաքացիական գործում բազմաթիվ ապացույցներ կան, բնակիչների կողմից բողոքներ կան, որտեղ նրանք ահազանգում են, որ այդ անձիք վտանգ են ներկայացնում իրենց համար»։
Ուստի փաստաբանն առաջարկել է, որ համայնքային իշխանությունը բնակարանից տեղափոխի հոգեկան խնդիրներ ունեցող անձանց․ «Ի վերջո այդ բնակարանը համայնքին սեփականություն է ու ցանկացած հիմքով կարող են նման պատճառ դնել, թեկուզ հենց վնաս պատճառելու հիմքով։ Նաև մեկ այլ խնդիր կարող էր լուծվել՝ անապահով և բնակարան չունեցող անձանց տեղափոխեին այդ բնակարան»,- հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տվյալ պարագայում իրենք որևէ նյութական վնասի փոխհատուցում չէին պահանջում՝ պայմանով, որ այդ անձիք այլևս նշյալ բնակարանում չբնակվեն։
«Բանակցություններն ընթացել են 2014թ․ մայիս-սեպտեմբեր ամիսներին, առաջարկությունը բանավոր կերպով ներկայացվել է այդժամանակվա քաղաքապետ Սամվել Դարբինյանին։ Քաղաքապետարանի դիրքորոշումն այն էր, որ օրենքով չենք կարողանա որևէ արդյունքի հասնել, մեր առաջարկությունն այդպիսով չընդունվեց»,- արդյունքում բազմաթիվ խնդիրներ ունեցող քաղաքապետարանը իր բնակչի հետ դատական վեճի մեջ մտավ, իսկ դատաքննությունը տևեց երկու տարուց ավելի․ «Առաջին ատյանի դատարանի վճիռն հօգուտ մեզ էր, բողոքարկեցին մյուս ատյաններով, դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ, միայն դատական ծախսերի մասով փոքր փոփոխություն եղավ, ընդհանուր առմամբ` ներառյալ և՛ դատական ծախսերը, և՛ փորձագետներին վճարվելիք գումարը, վնասի հատուցումը մոտ 700 հազար դրամ է։ Այսինքն՝ ժամանակին սխալ կանխատեսման արդյունքում, որ ընդամենը շատ պարզ երևում էր, թե ինչով պետք է ավարտվի վեճը, որովհետև պարզ վեճ էր, իսկ փաստերն՝ ակնհայտ, այս ամենը չհաշվարկելու արդյունքում այսօր համայնքի բյուջեից ենթակա է բռնագանձման խոշոր չափով գումար։ Դրա հետ մեկտեղ քաղաքում ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, քարուքանդ եղած փողոցներ, աղբահանություն, քաղաքի ընդհանուր վիճակ, տանիքներ, այս բոլոր հարցերը չեն լուծվում»,- ասաց փաստաբանը։
Ի՞նչ է ստացվում․ քաղաքապետարանը փոխարենը լուծի քաղաքային խնդիրները՝ սկսած փողոցների ասֆալտապատումից, վերջացրած շենքերի վերանորոգմամբ, դատական վեճի մեջ է մտնում սխալ կառավարման արդյունքում տուժած բնակչի հետ։ Արդյունքում՝ նախկին քաղաքապետի սխալ հաշվարկների արդյունքում տուժում են քաղաքացիները։ Թեև քաղաքացին ստանալու է փոխհատուցումը, սակայն չի բացառվում, որ նույն հարևանների գործողությունների արդյունքում կրկին ջուրը կթափվի իր բնակարան։
Կարդացեք նաև՝
Վանաձոր համայնքին պատկանող բնակարանի կեղտաջրերը թափվում են բնակչի բնակարան
Գևորգ Թոսունյան