ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ մանդատների բաշխման մասին որոշում ընդունվում է, եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից կամ դաշինքներից մեկը մանդատների բաշխման արդյունքում ստացել է առնվազն 53 մանդատ:
Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5 %, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 % կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում մանրամասնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Արմինե Չախալյանը:
ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է մանդատների բաշխման հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է նվազագույն շեմը հաղթահարած ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք էլ յուրաքանչյուր ուժին հասանելիք մանդատների թվերն են:
Այսինքն՝ քաղաքական 4 ուժերի ձայներն առանձին վերցրած պետք է բազմապատկել 101-ով, ապա՝ ստացված արդյունքը բաժանել 1.425. 445-ի, ինչը քաղաքական 4 ուժերի համար քվեարկած ընդհանուր վերցրած թիվն է.
ՀՀԿ՝ ստացած ձայների թիվ (771.249) x 101 / 1.425.445 = 54.6 մանդատ:
«Ծառուկյան»դաշինք՝ստացած ձայների թիվ (428.965) x 101 / 1.425.445 = 30.3 մանդատ:
«ԵԼՔ» դաշինք՝ ստացած ձայների թիվ (122.049) x 101 / 1.425.445 = 8.6 մանդատ:
ՀՅԴ՝ ստացած ձայների թիվ (103.173 ) x 101 / 1.425.445 = 7.3 մանդատ:
Իրավաբանը նշում է, որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ստացած մանդատների թիվը զույգ լինելու դեպքում մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:
Կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ստացած մանդատների թիվը կենտ լինելու դեպքում մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջև: Կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ստացած մանդատների մնացած մասը տրվում է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:
«Յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը որոշվում է՝ ըստ յուրաքանչյուր տարածքի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով. Գտ = Կտ Մտ +1, որտեղ` Գտ-ն տարածքի գործակիցն է, Կտ-ն՝ տվյալ տարածքում կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, Մտ-ն՝ հերթական մանդատի համար տարածքի գործակիցը հաշվելիս այդ տարածքին արդեն բաժին հասած մանդատների ընդհանուր թիվն է: Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող տարածքը ստանում է մեկ մանդատ, այնուհետև հաջորդ թափուր մանդատը ստանում է մյուս տարածքների համեմատ առավել մեծ գործակից ունեցող տարածքը»-նշեց իրավաբան Չախալյանը:
Նշենք, որ ըստ քվերակության նախնական արդյունքների, այս պահին քաղաքական ուժերն ունեն հետևյալ ձայները.
- ՀՀԿ-771.249 ձայն (49.19 %)
- «Ծառուկյան» դաշինք – 428.965 ձայն (27.36 %)
- «ԵԼՔ» դաշինք – 122.049 ձայն (7.78 %)
- ՀՅԴ – 103.173 ձայն (6.58 %)
Իրավաբանը հիշեցնում է նաև նոր կարգով սահմանված այն կետին, որով մանդատ կսաանան նաև ազգային փոքրամասնությունները. «Չմոռանանք նաև, որ պատգամավորական 4 մանդատ կբաշխվի ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով:
Ավելացնեմ նաև, որ ներկա պահի դրությամբ, վերջին մարդահամարի տվյալներով ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են համարվում՝ ասորիները, ռուսները, քրդերը, եզդիները»,- հայտնեց Արմինե Չախալյանը:
Այս ամենն ամփոփելով նշենք, որ արդյուքնում ՀՀԿ-ն ստանում է 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 30-ը, «Ելք»-ը՝ 9, իսկ ՀՅԴ-ն՝ 7:
Ալիսա Չիլինգարյան