Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:
Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշւոմը:
«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին»,-Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանը:
Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:
Այսպես, գործով էական նշանակություն ունի այն փաստը, որ վարչական մարմինը` ի դեմս իր ներկայացուցչի, կատարի բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն` այն նկատառումով, որ վարչարարության արդյունքում ընդունված վարչական բնույթի իրավական ակտով որևէ կերպ չխախտվեն վարչական տույժի ենթարկվող անձի իրավունքները, ուստի վարչական մարմնի ցանկացած գործողություն պետք է կատարվի իրավաչափության, օբյեկտիվության, բազմակողմանի ու լրիվ ուսումնասիորթյան սկզբունքներով պայմանավորված ու դրանցից բխող տարբերակով:
Աղբյուրը` Իրավաբան.net