Շիրակի մարզում բազմաթիվ խնդիրներ կան, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից թվարկում են դրանք, ամենասուրը սոցիալական խնդիրն է:
Այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հերթական Ֆոկուս խմբի հանդիպումը: Մի քանի ժամ տևող քննարկման արդյունքում ծրագրի ղեկավար կազմի ներկայացուցիչները ՀԿ անդամների մասնակցությամբ առանձնացրին այս մարզում առկա հիմնախնդիրները: Ավելի ուշ Իրավաբան.net-ի հետ զրույցում հանդիպման մասնակից ՀԿ ներկայացուցիչները շեշտեցին, որ խնդիրները բխում են նախ և առաջ իրազեկվածության պակասից:
Իրավիճակի վերաբերյալ առավել հստակ պատկերացում կազմելու համար, ՀԿ ներկայացուցիչները բերում են Գյումրու երիտասարդության օրինակը՝ նշելով, որ իրազեկվածության ցածր մակարդակի պատճառով այստեղ շուրջ 15 հազար չկազմակերպված երիտասարդներ կան, որոնք հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացման ու քաղաքացիական այլ գործընթացներին չեն մասնակցում:
Այստեղից էլ բխում են համայնքային մյուս խնդիրները: Գյումրիում փողոցների վիճակը մեղմ ասած անմխիթար չէ, ասում էին ՀԿ ներկայացուցիչները՝ շեշտելով, որ քաղաքացիների պասիվությունն էլ հանգեցնում է տեղական ինքնակառավարման մարմինների անգործությանը:
Մյուս կողմից էլ մեր զրուցակիցները կարևոր համարեցին կոալիցիաների ստեղծումը, ինչպես օրինակ՝ կանանց հիմնախնդիրների լուծմանը միտված կոալիցիաների հիմնումը: ՀԿ անդամները վստահեցնում են՝ կոալիցիաները ուժ են, բայց մարզում կազմակերպությունները հմտություններ ու փորձ քիչ ունեն կայուն կոալիցիաներ ձևավորելու համար (ՀԿ ներկայացուցիչների հետ հարցազրույցները՝ տեսանյութում):
Այս և այլ խնդիրները լուծելու նպատակով էլ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը:
Ծրագրի ղեկավարի տեղակալ/դրամաշնորհների կառավարիչ Արտակ Սարիբեկյանը մանրամասնեց, որ առաջիկայում իրականացվելու են մի շարք գործողություններ, որոնցից առանցքայինը լինելու է ՀԿ-ների կարողությունների զարգացումը. «Անցկացնելու ենք ուսուցումներ, լինելու են կոալիցիաներ, կա դրամաշնորհային կոմպոնենտ: Հուսով եմ, որ Գյումրիում ակտիվությունը բարձր կլինի, քանի որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ներկայումս Գյումրին, Շիրակի մարզը մեզ համար թիրախային է»,- ասաց պարոն Սարիբեկյանը:
Ծրագրի՝ ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը մանրամասն ներկայացնելով ծրագրի նպատակներն ու թիրախները՝ անդրադարձավ դրամաշնորհային բաղադրիչին՝ իրազեկելով, որ դրամաշնորհի կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք մասնակցել են ուսուցումներին:
Ծրագրի շրջանակներում ինչպես ֆոկուս խմբերի, այնպես էլ հարցումների ու հանդիպումների միջոցով վեր են հանվում խնդիրներն ու թիրախային ոլորտները, Սյուզաննա Սողոմոնյանը տեղեկացրեց, որ այս գործընթացին ծրագրի իրականացնողները ներգրավվել են շուրջ 600 ՔՀԿ-ներ՝ ողջ Հայաստանի տարածքում:
Ի թիվս այլ խնդիրների լուծման, ծրագրի շրջանակներում նաև անվճար խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն է տրամադրվելու ՀԿ ներկայացուցիչներին՝ Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքի և դրա կիրարկման վերաբերյալ:
Ամրագրված է նաև ինկուբատորների առկայությունը, դրանց գործունեությունը կղեկավարի Մարատ Ատովմյանը, ով այսօրվա հանդիպմանն ասաց. «Բավականին հետաքրքիր կոմպոնենտ է, որն ամրագրված է ծրագրով, մի քանի ուղղություններով են աշխատելու ինկուբատորներն, շաբաթական սկզբունքով լինելու են համապատասխան ուսուցումներ և դասընթացներ, համապատասխան ոլորտների փորձագետներն են դրանք անցկացնելու, կազմակերպվելու են որոշակի պարբերականությամբ վեբինարներ, Երևանում գտնվող գտնվող փորձագետների կամ «Ագորա Սենթրլ Յուրոփ» չեխական կազմակերպության միջոցով, համոզված եմ, որ բավականին հետաքրքիր կլինի, քանի որ Չեխիան հանրային մասնակցության առումով բավականին մեծ փորձ ունի»:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:
Ծրագրի մյուս մանրամասները՝ տեսանյութում:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան