Մրցանակներ՝ սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության համար

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» խորագրով համաժողովի ընթացքում առանձնացվել էին մի քանի անվանակարգեր նրանց համար, ովքեր իրենց լուման էին ունեցել ի նպաստ ոլորտի զարգացմանը:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ համաժողովին ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, սպառողների շահերը պաշտպանող տարբեր հասարակական կազմակերպություններ, և այլ բարձրաստիճան այրեր: 

«Մրցանակակիրների ընտրության հարցում օգտվել ենք «Մեդիամաքս» գործակալության «Մաքսմոնիթոր» ծրագրից, որի միջոցով կատարված վերլուծության և գնահատման համակարգի արդյունքների հիման վրա»,-հայտնեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Այսպիսով, որ Սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքները լավագույնս պաշտպանած և սննդամթերքի անվտանգությանն անդրադարձած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, որի մրցանակը ստացավ հենց ՀԿ նախագահը՝ Բաբկեն Պիպոյանը:

Գրագետ և պահանջատեր սպառող անվանակարգում մրցանակը տրվեց Երևանի բնակիչ Աստղիկ Փաշայանին: Ակտիվ սպառղը քաղաքացիներին կոչ արեց ավելի պահանջատեր և հետևողական լինել:

Առցանց մամուլում սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների շահերը հետևողականորեն լուսաբանելու համար մրցանակ ստացավ Panorama.am կայքի լրագրող Լալա Տեր-Ղազարյանը, իսկ տպագիր մամուլից՝ «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Թագուհի Ասլանյանը:

Բարեխիղճ արտադրող անվանակարգում մրցանակը տրվեց «Ֆրուտերիա» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Մանուկյանին:

«Ֆրուտերիա»-ն գործում է Արարատի մարզի Վեդի քաղաքում, ինչպես ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը նշեց, արտադրանքը բացառապես տեղական մրգերից չրերի արտադրություն է, ունի արտահաման փորձ:

Նշենք նաև, որ մրցանակները հանձնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: 

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել