Առաջին անգամ Հայաստանում Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից միջոցառում էր կազմակերպվել՝ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությամբ:
«Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովին ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, սպառողների շահերը պաշտպանող տարբեր հասարակական կազմակերպություններ, և այլ բարձրաստիճան այրեր:
Ողջունելով Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը, վարչապետ Կարապետյանը հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի:
«Մենք պետք է բավական հետևողական լինենք: Որքան բարձրացնենք մեր քաղաքացիների քաղաքացիական դիրքորոշումը բոլոր ոլորտներում, այնքան շահելու ենք բոլորս: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ մեր սպառողները, հասարակական և այլ պրոֆեսիոնալ կառույցները համագործակցեն մեզ հետ ամենօրյա ռեժիմով: Կառավարության ծրագրում Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը դիտարկվել է որպես առաջնահերթություն՝ մասնավորեցնելով սննդամթերքի անվտանգության ոլորտը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Սպառողի պաշտպանվածության, սեփական իրավունքների մասին իրազեկվածության և սպառողական գիտելիքների ձեռքբերման առումով Կարեն Կարապետյանը կարևորեց նաև ՀԿ-ների և ԶԼՄ-ների ակտիվ դերակատարությունը:
«Անհնար է սպառողի իրավունքները պաշտպանել առանց պետություն-բիզնես-սպառող շղթայի փոխգործակցության: Սեփական իրավունքների նկատմամբ ուշադիր և պահանջատեր սպառողը պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, և մենք մեծ ակնկալիքներ ունենք դրանից: Համաժողովին մաղթում եմ կառուցողական աշխատանք, մեր սպառողներին՝ անհանդուրժողականություն բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք մեզ հուզում են: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ծառայությունները ՀՀ տարածքում մատուցվեն որակյալ և անվտանգ, շահագրգռված է, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխուժանա, ներդրումներ գան, աշխատատեղեր ստեղծվեն, բայց մենք ունենք նորմեր և սահմանափակումներ, որոնք երբեք պետք է չխախտենք», – եզրափակեց վարչապետ Կարապետյանը:
Վալերի Կորեշկովը կարևորեց Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունում նման համաժողովի կազմակերպումը, որը լավ հարթակ է շահագրգիռ հարցերի քննարկման, կարծիքների փոխանակման և արդյունավետ լուծումների մշակման համար:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նշեց, որ համաժողովին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության և տեղեկացվածության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ դպրոցականների, ուսանողների, գործարարների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նա ներկայացրել է իրենց իրավունքների վերաբերյալ սպառողների իրազեկվածության բարձրացման և սննդի շղթայի օպերատորների համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ աշխատանքները:
Ալիսա Չիլինգարյան
Ալեքսանդր Սարգսյան