ՍԱՊԾ-ն նոր սպասարկման կենտրոն ունի. արագացվել են մի քանի օրեր և ժամեր պահանջող մի շարք ընթացակարգեր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր՝ մարտի 3-ին բացեց իր նոր սպասարկման կենտրոնը: Կենտրոնի շնորհիվ առավել համակարգված ու կենտրոնացված ծառայություններ պետք է մատուցվեն սպառողներին ու տնտեսավարողներին՝ էականորեն նվազեցնելով վարչարարությունը, կրճատելով ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանում դիմելու անհրաժեշտությունը, նվազագույնի հասցնելով տնտեսավարող-պաշտոնյա շփումը, ապահովելով իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը:

Կենտրոնի բացման արարողությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և այլ հյուրերի մասնակցությամբ:

Ծառայության պետ Իշխան Կարապետյանը բացման խոսքում նշեց. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգալիորեն պարզեցրել է վարչարարությունն ու Ծառայությանն առնչվող ընթացակարգերը, ներդրել  էլեկտրոնային կառավարման գործիքներ և, արդյունքում, ապահովել գործողությունների թափանցիկությունը: Հուսով եմ՝ սպասարկման կենտրոնում առաջարկվող ծառայությունները կօգնեն թե տնտեսավարողներին և թե սպառողներին, միաժամանակ՝ կխնայվի բոլորի ժամանակը»:

Նշենք, որ այսուհետև ներմուծվող և արտահանվող ապրանքի սերտիֆիկատները կկնքվեն տեղում՝ էլեկտրոնային եղանակով լրացվելուց հետո, ինչը ենթադրում է տնտեսավարողի ժամանակի մեծ խնայողություն  ու վարչարարության նվազեցում:

Նույն ընթացակարգն է նաև կենդանական ծագման ապրանքների արտահանման ժամանակ տրամադրվող տեղեկանքի դեպքում. անասնահամաճարակային վիճակի մասին տեղեկանքն արդեն գրվում է Անասնաբուժության տեսչության կողմից պարբերաբար տրվող տեղեկատվության հիման վրա՝ կնքվելով սպասարկման կենտրոնի պատասխանատուի կողմից: Ներմուծման և արտահանման գործընթացները ևս համակարգվել են, որի արդյունքում հնարավոր կլինի Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բեռների փաստաթղթավորումն իրականացնել 4-5 անգամ ավելի կարճ ժամանակահատվածում՝ 20 րոպեում՝ նախկին մեկուկես կամ երկու ժամվա փոխարեն:

Ստեղծվել է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա և, եռամսյակային պարբերականությամբ ու սահմանված ձևաչափով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, տնտեսավարողը հնարավորություն է ստանում բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության: Այսինքն՝ տնտեսավարողը ստացել է փորձաքննության համար նախատեսված՝ 3-10 աշխատանքային օրը 1-ով փոխարինելու հնարավորություն:

Սպասարկման սրահում տեղադրված են վճարման տերմինալ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողին ներմուծման բեռի զննման կամ լաբորատոր փորձաքննության համար նախատեսված գումարը հատուկ հաշվեհամարներին փոխանցել անմիջապես՝ խնայելով մոտակա բանկի մասնաճյուղ այցելելու ժամանակը: Ծառայության գործունեության հետ առնչվող բոլոր ձևաթղթերի օրինակները հրապարակված են կենտրոնի տեսանելի վայրում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության նորաբաց սպասարկման կենտրոն այցելող սպառողների և տնտեսավարողների համար կլինեն նաև բուկլետներ, ուղեցույցներ՝ օգտակար խորհրդատվությամբ և ցուցումներով:

Սպասարկման կենտրոնը հնարավոր է դարձել գործարկել Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ «Գյուղատնտեսական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում և աջակցությամբ:

Տեղեկացնենք, որ ՍԱՊԾ սպասարկման կենտրոնը գործում է աշխատանքային օրերին առանց ընդմիջման. այն կաշխատի նաև շաբաթ օրը՝ մինչև ժամը 13.00:

Ալիսա Չիլինգարյան 

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել