ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2017 թվականի հունվարի 19 N 54-Ն որոշմամբ հաստատվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԱՆՁԻ ԲՆԱԿՎԵԼՈՒ (ԳՏՆՎԵԼՈՒ) ՎԱՅՐՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՏՆԱԴՐՈՇՄՆԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ:
Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելիս (փոխանակելիս) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) լուսանկարահանումն իրականացնելն ու մատնադրոշմներ վերցնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի բնակվելու (գտնվելու) վայրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
Սույն կարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (այսուհետ` քաղաքացի) անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելիս (փոխանակելիս) ոստիկանության մարմնում լուսանկարահանումն իրականացնելն ու մատնադրոշմներ վերցնելն անհնարին է համարվում, եթե անձը`
1) գտնվում է քրեակատարողական հիմնարկում.
2) բժշկական հաստատությունում հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում է ստանում.
3) հաշմանդամության, հիվանդության կամ վիճակի, տարիքային կամ այլ խնդիրներով պայմանավորված` զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից:
Ոստիկանության մարմնում քաղաքացիների` նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ լուսանկարահանումն իրականացնելն ու մատնադրոշմներ վերցնելն անհնարին լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ է սույն կարգի 2-րդ կետի`
1) 1-ին ենթակետով նախատեսված դեպքում` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ոստիկանությանը հասցեագրված գրությունը` քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին նույնականացման քարտ կամ անձնագիր տրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը համապատասխան գրությունն ուղարկում է ոստիկանություն` քաղաքացու կողմից անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար գրավոր ցանկություն հայտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.
2) 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում` համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքը կամ գրությունը.
3) 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` ինքնուրույն տեղաշարժվելու անհնարինությունը հավաստող` առողջության առաջնային պահպանման բժշկի կամ բուժող բժշկի կամ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի համայնքապետարանների աշխատակազմերում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող սոցիալական աջակցության տարածքային բաժինների կողմից տրված տեղեկանքը:
Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված անձանց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու համար անձնագրային ծառայություն դիմում է ներկայացնում քաղաքացու խնամակալը կամ ներկայացուցիչը` կցելով սույն կարգի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը և լիազորագիր (առանց նոտարական վավերացման) կամ խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճեն:
Անձնագրային ծառայությունը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմից սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված համապատասխան գրությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է քաղաքացու գտնվելու վայրում շարժական սարքերով մատնադրոշմներ վերցնելու և տեղում անձին լուսանկարելու գործընթացը:
Քաղաքացուն անձը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է սույն կարգի 5-րդ կետում նշված գործընթացը կազմակերպելուց հետո` օրենքով սահմանված ժամկետներում:
Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված անձանց անձնագիրը կամ նույնականացման քարտը քաղաքացուն տրամադրվում է խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, իսկ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց փաստաթղթերը տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին: