Ֆինանսների նախարարությունը կհամագործակցի ՔՀԿ-ների հետ բիզնես ոլորտի խնդիրների վեր հանման և լուծման նպատակով

Սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ առ այսօր չի հաջողվել Հայաստանում ստեղծել մի կոալիցիա, որն պետական գնումների ոլորտի մշտադիտարկման բեռը կվերցնի իր վրա: Այսօր ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է այս բացը լրացնել:

Այս ծրագրով պետք է 9 թիրախային ոլորտներ ընտրվեն, որոնցից երեքն արդեն հայտնի են, 6-ի ընտրության համար ծրագրի ղեկավար կազմի անդամները տարաբնույթ հանդիպումներ են ունենում կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հերթական հանդիպումը ֆինանսների նախարարությունում էր:

«Մեզ համար բիզնես ոլորտի խնդիրները ընդհանուր առմամբ պարզ են. դրանք պետական գնումներն են, ազատ տնտեսական մրցակցության բնագավառն է, լիցենզիաները, թույլտվությունները, մաքսային և հարկային խնդիրները, որ այսօր ամենառաջնային նշանակություն ունեն»,- նշեց պարոն Զադոյանը՝ հավելելով, որ բիզնես կոալիցիան կարող է ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր խնդիրներ վեր հանել ու առաջարկել դրանց լուծումները:

Այնուհետև նա ներկայացրեց ծրագիրը, բաղադրիչները, դրամաշնորհային հատվածը և ՔՀԿ-ներիքարտեզագրման և ընտրության գործընթացի վերաբերյալ մանրամասներ հայտնեց:

Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը դրական գնահատեց նախաձեռնությունը՝ ասելով. «Կարծում եմ օգտակար կլինի այն նպատակը, որը դուք դրել եք ձեր առջև, այսինքն՝ ավելացնել երկխոսությունը պետական կառավարման մարմինների հետ՝ համատեղ արդյունքի հասնելու համար»:

Առաջին հանգամանքը, որ նա առանձնացրեց՝ փոխադարձ կապի ապահովումն է, նախարարի տեղակալը ծրագրի ներկայացուցիչներին առաջարկեց արդյունավետ համագործակցություն ծավալել յուրաքանչյուր պետական մարմնի հասարակայնության հետ կապերի և թիրախային այլ ստորաբաժանումների հետ, ինչպես նաև նրանց անդամներին վերապատրաստել:

Որպես թիրախային պարոն Թամազյանը դիտարկեց լիցենզավորման ոլորտը:

Հանդիպման ընթացքում հետագա գործակցության համաձայնություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը, որպես համագործակցության առաջին քայլ պատրաստակամություն հայտնեց տրամադրել ինչպես նախարարության գործունեության թիրախային ոլորտների վերաբերյալ տեղեկատվությունը, այնպես էլ այն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում ՔՀԿ-ների կոալիցիաների մասին տվյալները, որոնք ակտիվ աշխատում են ֆինանսների նախարարության հետ:

Հանդիպմանը ընթացքում ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ ղեկավար Հակոբ Ավագյանը, ով կոորդիանցնելու է ծրագրի բիզնես և հարակից ոլորտները, կարևորեց բիզնես շահերի պաշտպանության կոալիցիայի ստեղծումը, նա առանձնացրեց այն խնդիրները, որոնք առանցքային են:

Հանդիպմանը ներկա էր նաև ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նա հաջորդ շաբաթ կհյուրընկալվի Իրավաբանների հայկական ասոցիացիայում` հասարակական կազմակերպության գործունեությանը ավելի խորությամբ ծանոթանալու և առաջիկա համագործակցության հարցերը պլանավորելու նպատակով:

Հիշեցնենք, որ  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների  «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Կարդացեք նաև`

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել