Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը նշում է, որ տարվա ամենակարևոր իրադարձությունը կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած մի քանի հաջողություններն են եղել. նա պատասխանել է Իրավաբան.net-ի ամանորի բլից-հարցերին.
-2016-ն արդեն մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին, և ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումն ու անհաջողությունը:
-2016 թվականը բավականին ծանր տարի էր: Բոլորիս հայտնի ողբերգական իրադարձությունների ժամանակ (ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, ռազմական բախումներ սահմանագծում) բազմաթիվ մարդկային կորուստներ ունեցանք: Իմ շրջապատում շատ մարդիկ կոցրեցին իրենց մերձավորներին: Սակայն ապրիլյան պատերազմը և ՊՊԾ գնդի գրավումը նոր թափ հաղորդեցին մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին:
Դեռ բազմաթիվ անելիքներ ունենք այս դժվարին ճանապարհին: Կարևորը, որ երբեք կանգ չառնենք այս ճանապարհին: Բրյուս Լին, հիմնվելով չինական փիլիսոփայության վրա, ասում էր. «Կարևոր չէ, թե որքան դանդաղ ես շարժվում, կարևորը, որ կանգ չես առնում»: Իհարկե ցանկալի է, որ արդյունքը հնարավորինս շուտ տեսնենք, սակայն ամենինչ պետք է անենք մտածված,համակարգված, հիմնավորված և կանգ չառնենք ձեռք բերածի վրա:
Իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ ես որոշակի առնչություն ունեմ հակակոռուպցիոն բարեփոխումներին:
-Իրավական կարևոր ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք անցած տարի:
-Անցած տարի բավականին լուրջ քայլ կատարեցինք՝ քրեականացրեցինք ապօրինի հարստացումը, այլ հիմքեր դրեցինք մեզանում կոռուպցիայի դեմ պայքարն ավելի համակարգված և տեսանելի դարձնելու համար:
-Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:
-Ցավալի է, բայց փաստ, որ զավեշտալի դեպքերի «հեղինակներ» են լինում թե որոշ դատավորներ, թե իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ, և թե որոշ պաշտոնյաներ: Դա խոսում է մեր դատական և պետական կառավարման համակարգի անկատարության մասին: Այն դեռևս չի համապատասխանում արդյունավետ կառավարման և բարեխղճության սկզբունքներին: Լինում են նաև զավեշտալի դեպքեր լսարաններում՝ ուսանողների պատասխանների հետ կապված: Տխուր է, երբ այդպիսի ուսանողները հետագայում մասնագիտական գործունեությամբ են զբաղվում:
-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Չեմ կարծում, որ լավ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան կամ պաշտոնյա: Նա առանց այդ էլ, ի տարբերություն որոշ պաշտոնյաների, փայլուն կատարում է իր առաքելությունը: Պաշտոնը ժամանակավոր է, իսկ Ձմեռ պապը՝ հավերժ:
-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Այդ տոները դիտում եմ որպես ընտանեկան և նշում եմ ընտանիքիս, ազգականներիս, մերձավոր ընկերներիս հետ Հայրենիքում:
-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր:
Առհասարակ ասեմ, որ կյանքում միշտ չէ, որ ստանում ես այն, ինչ ակնկալում ես: Երբեմն նաև ստանում ես այն, ինչ չես ակնկալում:
-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Ես ավելի շատ հանդես եմ գալիս մատակարարի դերում: Անհրաժեշտ մթերքներով ապահովում եմ խոհանոցում պատրաստող մեր ընտանիքի կանանց:
-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
-Շատ կուզեի, որ 2017 թվականը լիներ խաղաղ, առողջ, երջանիկ, բարեբեր և հաջողություններով ու նոր նվաճումներով լի տարի:
Լուսանկարները՝ Մարատ Ատովմյանի անձնկան արխիվից
Ալիսա Չիլինգարյան