Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․
-Ինչով առանձնացավ 2016 թվականը, ինչ ձեռքբերումներ ունեցաք այս տարի։
-Մարդու իրավունքների տեսանկյունից 2016 թվականն առանձնացավ երկու հիմնական մարտահրավերներով՝ առաջինն ապրիլյան պատերազմն էր, որ նախաձեռնեց Ադրբեջանը Արցախում և, իհարկե, այդ առումով՝ չեմ կարող չնշել Ադրբեջանի սանձազերձած դեկտեմբերի 29-ի միջադեպը, որի արդյունքում դարձյալ, ակնհայտորեն միջազգային բոլոր պահանջների ակնհայտ խախտմամբ, սպանվեցին հայ զինծառայողներ: Ընդ որում, հարձակումը կատարվեց այնպիսի եղանակով, որով ակնհայտ ցույց տրվեց գյուղին վնաս հասցնելու ադրբեջանական կողմի մտադրությունը: Այս դեպքի կապակցությամբ իմ ամփոփիչ գնահատականը միջազգային կառույցներն անպայման կստանան:
Երկրորդ մարտահրավերը կապված էր հուլիսյան իրադարձությունների հետ, որն ուղեկցվեց մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով:
Տարվա ձեռքբերումներից կարող եմ նշել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական նոր օրենքի ընդունումը: Այս օրենքով թե՛ նոր գործառույթներ վերապահվեցին Մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ նախատեսվեցին առանձին կարգավորումներ աշխատակազմի վերաբերյալ: Այս առումով, եկող տարում շատ աշխատանք ունենք անելու:
-Այս տարի, ըստ Ձեզ, ով էր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը։
-Կոնկրետ մեկ անձի առանձնացնել չեմ կարող, նշեմ, սակայն, որ մեզ հետ աշխատող գործընկերների հետ համագործակցությունը գնահատում եմ բարձր: Խոսքս վերաբերում է թե՛ պետական մարմիններին, թե՛ հասարակական կազմակերպություններին և թե լրագրողներին: Այստեղ մենք ունենք արդեն ձևավորված և ձևավորվող գործընկերությունը: Իհարկե, ունենք նաև առանձնացված հատուկ պրոֆեսիոնալներ, որոնց հետ աշխատելն ավելի հեշտ է, նրանց հետ աշխատելով արդյունքներ ապահովելն ավելի արագ է:
-Հանդիպել եք արդյոք զավեշտալի դեպքերի…
-Իհարկե, հանդիպել եմ: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում աշխատելն արդեն ենթադրում է, որ բողոքները շատ են: Հետևաբար՝ բարձր է նաև զավեշտալի դեպքերի ականատես լինելու հավանականությունը: Պարզապես ժամանակի ընթացքում ընտելանում ենք, նման դիմումներին սկսում ենք վերաբերվել սովորական, քանի որ նույնիսկ նման դեպքերում խոսքը մարդկանց համար խնդիր առաջացնող հարցերի մասին է, որոնց ևս պետք է կարողանալ լուծում տալ:
-Ինչ կլիներ, եթե Ձմեռ Պապը լիներ իրավաբան, ինչ պաշտոն կտայիք նրան։
-Եթե Ձմեռ Պապը իրավաբան լիներ և ես առիթ ունենայի հրավիրել նրան մեր աշխատակազմ, հավանաբար նրան կառաջարկեի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարի աշխատանքը:
-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ Ծննդի տոները։
-Ամանորի և Սուրբ Ծննդի տոներն, իհարկե, նշում եմ ընտանիքիս հետ: Կարծում եմ՝ սրանք տոներ են, որոնք վկայում են նաև ընտանեկան արժեքների, ընտանիքի ամրության մասին: Առհասարակ, կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանվեն ընտանեկան արժեքները:
-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Ցավոք, միգուցե նաև բարեբախտաբար՝ ոչ։
-Ինչ ակնկալիքներ ունեք 2017 թ-ից։
-Ակնկալիքն, իհարկե, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հարցում բավարար ռեսուրսներ ունենալն է, որպեսզի կարողանանք մեր պարտականությունները կատարել լիարժեքորեն և որպեսզի ռեսուրսների պատճառով դրանք չվտանգվեն: Ակնկալիքը նաև այն է, որ իրավունքների պաշտպանության ոլորտում ունենանք ձեռքբերումներ:
-Դուք, Ձեր երեխաները ինչ եք խնդել Ձմեռ պապիկից։
-Ես, իհարկե, կխնդրեմ, որպեսզի խաղաղություն լինի Հայաստանում և Արցախում, իսկ երեխաներս արդեն Ձմեռ Պապիկից խնդրել են խաղալիքներ: