Առաջին հայացքից Էթիկայի հանձնաժողովը լուրջ ֆունկցիաներ իրականացնող հանձնաժողով էր, բայց հետո պարզվեց, որ որևէ աշխատանք չի կատարել. փաստաբան

Քրեական օրենսգրքում որևէ հոդված ավելացնելով դեռ չի նշանակում, որ այն կառաջացնի այդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվություն: Ասում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարության կողմից կառավարությանն է ներկայացվել ու խորհրդարան ուղարկվել քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է քրեականացնել ապօրինի հարստացումը:

«Փորձը ցույց է տալիս, որ նման նախաձեռնությունը մնում է միայն օրենքի վրա, կարող եմ մի քանի տասնյակ օրինակներ բերել»,- նշում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Այս տեսանկյունից նա համեմատականներ անցկացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջև. «Սիրանուշ Սահակյանի (Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ) հանձնաժողովի ևս շատ դրական ընդունվում էր, առաջին հայացքից այն լուրջ ֆունկցիաներ իրականացնող հանձնաժողով էր, բայց հետո պարզվեց, որ այն որևէ աշխատանք չի կատարել, այսինքն՝ ծանրակշիռ վարույթներ չի հարուցել»,- նշեց մեր զրուցակիցը: Նույնը, նրա կանխատեսմամբ, սպառնում է նաև ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտին. «Չեմ հավատում, որ մոտակա վեց տարվա մեջ որևէ մեկն այդ հոդվածով կպատժվի, դա անհնար բան է, մեխանիզմ չկա»,- ասաց փաստաբանը՝ մանրամասնելով. «Նման երևույթներ մենք ունենք քրեական օրենսգրքում, ես անգամ մասնակցել եմ հարցաքննության, ոչ թե տվյալ հոդվածի, այլ նման երևույթների, երբ մարդուն հարցաքննության ժամանակ հարցնում էին, թե մեկ միլիոն դոլար ես ստացել ինչի վրա ես ծախսել, մարդը ասում էր՝ նվիրատվություն եմ ստացել, բայց ոչ մեկի այդ հոդվածով քրեական պատասխանատվության չեն ենթարկում: Ապօրինի հարստացման համար բանկային համակարգը պետք է լիարժեք գործի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել