Հնարավո՞ր է արդյոք մինչև 16 տարեկան երեխային տալ անձնագիր ՀՀ-ում, եթե ծնողները դիմելու պահին երկրում չեն

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես գիտենք մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացի երեխայի անձնագիր ստանալու համար կարող է դիմել նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ: Օրինակ, եթե ծնողը անձամբ չի կարող դիմել երեխայի անձնագիր ստանալու համար, որպես այլ օրինական ներկայացուցիչ կարող է հանդես գալ խնամակալը, իրավասու մարմնի կողմից կայացված խնամակալ ճանաչելու որոշման առկայության դեպքում:

Բիոմետրիկ անձնագիր ստանալու դեպքում գործում է առանձնահատկություն:
Այսինքն, եթե երեխայի ծնողները դիմելու պահին գտնվում են ՀՀ-ից դուրս և ցանկանում են երեխայի համար ՀՀ-ից ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր, սակայն նրա փոխարեն չի կարող դիմել այլ օրինական ներկայացուցիչ (օրինակ՝ չկա խնամակալ ճանաչելու որոշում), երեխայի անձնագիոր ստանալու համար դիմումի վրա ծնողի ստրագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
Տվյալ դեպքում հարց է առաջանում, թե որպես լիազոր անձ ով է ներկայացնելու դիմումը և անձնագիրը տպագրվելուց հետո այն ով կարող է ստանալ:
Վարչարարությունը պարզեցնելու համար անձնագրային ծառայություններում գործում է պարզեցված ընթացակարգ: Կարող է ներկայացվել մեկ փաստաթուղթ՝ լիազորագիր հաստատված նոտարական կարգով, որում նշված կլինի ծնողի և երեխայի տվյալները, ինչպես նաև կպարունակի դիմումի բովանդակությունը, համաձայն որի երեխայի ծնողը լիազորում է, որպեսզի լիազորագրում նշված անձը դիմի և իր երեխայի համար ստանա բիոմետրիկ անձնագիր:
Տվյալ դեպքում երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պարտադիր է, որպեսզի բիոմետրիկ անձնագիր ստանալու համար տեղում լուսանկարվի և 6 տարեկանից բարձր լինելու դեպքում հանձնի մատնադրոշմ:
Մեկ անգամ ևս նշենք, որ այս ընթացակարգը հին նմուշի անձնագիր ստանալուն չի վերաբերում: Տվյալ դեպքում պետք է անձամբ դիմի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ, իսկ երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում չի պահանջվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել