Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի գործով փաստաբան է ձերբակալվել: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Ձերբակալված փաստաբանը Էլզա Զաքարյանն է: Արա Զոհրաբյանը հաղորդեց, որ հանդիպում են ունեցել փաստաբանի հետ, նրան տրամադրել հանրային պաշտպան:
Փաստաբանը հրաժարվել է ցուցմունք տալուց և նրան ձերբակալել են:
Իշխան Բարսեղյանի իրավունքների պաշտպան Վարդուհի Էլբակյանից էլ տեղեկացանք, որ այսօր ԱԽ-ն որոշում է կայացրել և պետք է այն նախագահին ներկայացնի դատավորի կալանքի հարցը լուծելու համար:
ԱԽ-ի հաղորդագրության համաձայն` 2016 թվականի հոկտեմբերի 28-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, որոշեց.
- ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
- ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին կալանավորելու վերաբերյալ:
Հիշեցնենք` երեկ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Ծանուցում: Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: