Այսօր մինչ կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին:
Նա նշեց, որ իրավաբանական անձանց տրվող լիցենզավորման գործընթացում, գործող օրենսդրության համաձայն, կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց: Եվ իրատեսական է այդ լիցենզիաների որոշ տեսակները իրավանաբական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները:
Նա հանձնարարեց լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաները տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:
Իսկ Էներգետկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարվեց երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն՝ ըստ հանքավայրերի և նրանց տրված լիցենզիաների:
Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզում «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր հակակոռուպցիոն միջոցառում, որի ժամանակ վեր էին հանվել լիցենզիաների տրամադրման ոլորտում առկա խնդիրները: