Երբեմն ՃՈ տեսուչը միայնակ է իրականացնում շրջիկ պարեկային ծառայություն: Արդյոք նա իրավունք ունի նման կերպ վարվել: Այս հարցի կապակցությամբ զրուցեցինք փաստաբաններ Վահե Սիմոնյանի և Աշխեն Դաշյանի հետ: Վերջիններս նշեցին, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի10-րդ հոդվածում սահմանված են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները:
Նշված հոդվածի 1-ին մասի «ժա» կետով սահմանվում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն` որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի9-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետում էլ նշվում է, որ ճանապարհային երթևեկությանան վտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը:
Փաստաբանների խոսքերով՝ ՀՀ կառավարության 06.01.2007թ.-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1769-Ն որոշման 1 հավելվածի 3-րդ կետով սահմանվում են Ճանապարհապարեկային ծառայության նպատակները: Նշված կետի «գ» ենթակետը սահմանում է, որ ճանապարհապարեկային ծառայության նպատակներն են ճանապարհային երթևեկության ոլորտում հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, հայտնաբերումը, պատասխանատվության միջոցների կիրառումը:
Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից բխում է , որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանությունը իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն,որպես կանոն, շրջիկ պարեկային եղանակով, որի իրականացման վերաբերյալ առկա է ՀՀ կառավարության կողմից ընդունված հստակ կարգ. «Այդ կարգի համաձայն՝ ճանապարհապարեկային ծառայությունը ուղղված է (դրա նպատակն է) վարչական իրավախախտումների նախականխմանը, կանխմանը, խափանմանը,հայտնաբերմանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող վարչարարությունը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում դա ճանապարահապարեկային ծառայությունն »,- ընդգծեցին մեր զրուցակիցները:
Փաստաբանները հավելում են, որ ՀՀ կառավարության 06.01.2007թ.-ի«Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ1769-Ն որոշման 1 հավելվածի 7-րդ կետի «ա» ենթակետով սահմանվում է, որ ճանապարհապարեկային ծառայության իրականացման ձևերն են` շրջիկ պարեկություն` ավտոմոբիլներով, մոտոցիկլետներով, ուղղաթիռներով, ինչպես նաև մշտական անշարժ ծառայություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղերում:
«Նշված որոշման որոշման 1 հավելվածի 17-րդ կետն էլ սահմանում է, որ պարեկային ավտոմոբիլի և ուղղաթիռի կարգախմբի կազմում պետք է ընդգրկվեն առնվազն ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման երկու ծառայող»,- ասում է նա:
Փաստաբանները ներկայացնում են ՀՀ կառավարության 06.01.2007թ.-ի «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1769-Ն որոշման 1 հավելվածի 2-րդ կետը, որը սահմանում է տվյալ որոշման մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները. «Տվյալ կետում սահմանված է «ճանապարհապարեկային ծառայության կարգախումբ» հասկացությունը. դա ճանապարհապարեկային ծառայության ծառայողներից կազմված խումբ, որը նշանակված է ճանապարհապարեկային ծառայություն կատարելու համար»:
Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծութունից փաստաբանները հանգել են այն եզրահանգման, որ եթե ճանապարհապարեկային ծառայությունը իրականացվում է շրջիկ պարեկության ձևով (ավտոմոբիլով), ապա ավտոմոբիլի կարգախմբի կազմում պետք է ընդգրկվեն առնվազն ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման երկու ծառայող, որոնք էլ պետք է կատարեն ճանապարհապարեկային ծառայությունը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական կարգավորումները նրանք ընդգծում են, որ ճանապարհապարեկային ծառայության (որը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող վարչարարությունն է) իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է հստակ կարգ` առնված երկու ոստիկանության ծառայողներից բաղկացած կազմը, որը իրականացնում է ճանապարհապարեկային ծառայությունը վարչարարությունը իրականացնելու համար, այսինքն` տվյալ վարչարարությամբ իրականացվող գործողությունները և կայացվող ակտերը մինանձնյա չպետք է կայացվեն, այլ կոլեգիալ կազմով:
Սակայն մեր զրուցակիցներն արձանագրեցին, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանության պրակտիկայում բացակայում է վերոնշյալ ընթացակարգը և թե վարչական իրավախախտման արձանագրությունը , թե վարչական ակտը կայացվում են միանձնյա, որը հակասում է վերոնշյալ իրավական կարգավորմանը:
Իրավաբան.net