Ի՞նչ կապ ունի պատգամավոր Մհեր Սեդրակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության հետ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանության գոևրծով այսօր շարունակվեց դատավարությունը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի և երկու ընկերների սպանության գործով դատավարությունն այժմ ապացույցների հետազոտման փուլում է: Այսօր հետաքրքիր դրվագներ հայտնի դարձան գործի նյութերի հրապարկամն արդյունքում:

Մասնավորապես, ոստիկանության օպերատիվ տվյալների համաձայն, որոնք փոխանցվել են ԱԱԾ գնդապետ Մարուքյանին, 2014 թվականի  ապրիլ-մայիսին Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսայի` Արման Մադաթյանի եւ սպանված Լեւոն Ղազարյանի (մականունը՝ Երրորդմասցի Լյովիկ) միջեւ: Այս վիճաբանության մասին Արման Մադաթյանը տեղյակ է պահել իր աներոջը՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (մականունը՝ Թոխմախի Մհեր) և նրա որդուն՝ Դավիթին:  Վերջինիս հանձնարարությամբ Գաստիկը (այս գործով ամբաստանվող Վահան Հակոբյանը) սրճարանում ներկա գտնված Լևոն Ղազարյանի երկու ընկերներին առևանգել և ծեծել է՝  նրանց պահելով շների համար նախատեսված վանդակում:

Այս դեպքից հետո  Լեւոն Ղազարյանը իր հանցավոր կապերով Երևանի Ավետիսյան փողոցից առևանգել է  Գաստիկ-Վահան Հակոբյանին և նույն կերպ դաժան ծեծի է ենթարկել նրան:

Այս բախումների հետևանքով վիրավորները բուժվել են տան պայմաններում եւ չեն դիմել հիվանդանոց:  Այս միջադեպից հետո երկու կողմերի միջեւ թշնամական հարաբերություններ են սկսվել եւ մինչեւ սպանությունը եղել են բազմաթիվ բախումներ:

Գործի նյութերում առկա Սարգիս Հախանումյանի (Տլե) բնակարանից խուզարկությամբ հայտնաբերվել են հեռախոսներ, 7 հատ դեմքի նմանությամբ մաշկագույն դիմակներ, թղթի վրա գրված ավտոմեքենաների մակնիշներ և դրանց պետհամարանիշները: Սարգիսի եղբայրը հայտնել է, որ բացի հիշյալ թղթից, մնացյալն իրենն է, իսկ դիմակների վերաբերյալ հարցին պատասխանել է, թե դրանք նկուղից է գտել և օգտագործում է «Հալոուին»-ի ժամանակ:

Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ թղում նշված համարներով մեքենաները օգտագործվել են Լևոն Ղազարյանի մտերիմների կողմից, իսկ դրանցից մեկն անձամբ վարել է Լևոն Ղազարյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:  Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել