Դատարանն արդարացրեց ամբաստանյալին՝ քննիչի կողմից կազմած արձանագրությունը անթույլատրելի ճանաչելով

Արտյոմ Մովսեսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դատապարտված լինելով ազատազրկման և ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ -ում պատիժը կրելու ընթացքում 2014թ. նոյեմբերի 6-ին ժամը 09-30-ի սահմաններում նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վ.Գրիգորյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի ժամանակ գտնվել է հարակից տարածքում և 15-12-2014թ. նշված դեպքի վերաբերյալ որպես վկա հարցաքննության հրավիրվելով հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ Սուրեն Մնոյան նախագահությամբ:

Դատարանում Արտյոմ Մովսեսյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ իրեն հրավիրել են քննիչի մոտ, վերջինս իրեն հարցեր է տվել ՔԿՀ-ում` դատապարտյալ Վլադիմիր Գրիգորյանի հետ կապված դեպքի կապակցությամբ, ինքը պատասխանել է, որ դեպքին ականատես չի եղել, դեպքի մասին տեղեկություն չունի: Ցուցմունք տալուց չի հրաժարվել, սակայն ինչպես նշված օրը, այնպես էլ հետագայում արձանագրությունների տակ հրաժարվել է ստորագրելուց` օգտվելով իր դատավարական իրավունքից:

Արտյոմ Մովսեսյանը նույնաբովանդակ ցուցմուքներ է տվել գործի նախաքննության ընթացքում:

ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ` Ալբերտ Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 6-ին, առավոտյան, գտնվելով ծառայության մեջ, դատապարտյալների հաշվառումից հետո, ժամը 09:30-ի սահմաններում ՔԿՀ-ի մի քանի աշխատակիցների հետ միասին բնակելի գոտում շրջագայելու ժամանակ թիվ 3 մասնաշենքի հետնամասում, որտեղ առկա են ամառային տաղավար, լսել են աղմուկ, բարձր ձայներ: Շարժվել են տաղավարի ուղղությամբ, այդ ընթացքում իրենց է մոտեցել դատապարտյալ Էդուարդ Աբրահամյանը և հայտնել, որ դատապարտյալ Վլադիմիր Գրիգորյանը գժվել է: Մոտենալով տեսել են, որ դատապարտյալ Վլադիմիր Գրիգորյանը անկանոն շարժումներ է անում և անհասցե հայհոյանքներ է տալիս: իրենք դատապարտյալ Վ.Գրիգորյանին ուղեկցել են ՔԿՀ-ի հերթապահ մաս: Դեպքի պահին տաղավարի մոտակայքում եղել են բազմաթիվ դատապարտյալներ, շուրջ 200 մարդ: Նրանց մեջ տեսել է նաև դատապարտյալ Արտյոմ Մովսեսյանին: Վերջինս նկատել է միջադեպը, թե ոչ, չի կարող ասել, քանի որ նրան տեսել է այլ դատապարտյալների հետ տաղավարից շուրջ 20-30 մետր հեռավորության վրա: Հետագայում տեղեկացել է, որ Արտյոմ Մովսեսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն մանրամասներից տեղյակ չէ:

41

Դատավոր Սուրեն Մնոյան

Դատարանը, հետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները, հանգել է հետևության, որ ամբաստանյալ Արտյոմ Մովսեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-րդ մասով առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել անմեղ և արդարացնել:

Ըստ դատարանի՝ Արտյոմ Մովսեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում, նախաքննական մարմնի կողմից որպես արարքը հիմնավորող ապացույցեր են դրվել և դատարանում հետազոտվել` դատապարտյալ Արտյոմ Մովսեսյանի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու մասին 15.12.2014թ. կազմված արձանագրությունը, վկաներ՝ ԱՆ Կոշ ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ` Ալբերտ Գևորգի Հարությունյանի, Արման Միշայի Գևորգյանի ցուցմունքները և Արտյոմ Մովսեսյանի ցուցմունքները:

Դատարանը գտնել է, որ վկաներ Ալբերտ Հարությունյանի և Արման Գևորգյանի ցուցմունքները` ՔԿ հիմնարկի տաղավարներից մեկում դատապարտյալ Վլադիմիր Գրիգորյանի կողմից խուլիգանություն կատարելու և նշված տաղավարից 15-ից 20 մետր հեռավորության վրա դատապարտյալ Արտյոմ Մովսեսյանի գտնվելու վերաբերյալ, վերաբերելի չեն և որևէ կերպ չեն հիմնավորում կամ հերքում Արտյոմ Մովսեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը: Իսկ ինչ վերաբերվում է Արտյոմ Մովսեսյանի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու մասին 15.12.2014թ. կազմված արձանագրությանը դատարանը արձանագրում է հետևյաը՝ արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:

Դատարանը նաև եզրահանգել է, որ քննիչի կողմից 15.12.2014թ. կազմված արձանագրությունը դատապարտյալ Արտյոմ Մովսեսյանի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու մասին չի կարող դիտվել որպես թույլատրելի ապացույց, քանի որ ձեռք է բերվել դատավարական գործողության կարգի էական խախտմամբ և վկայի oրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ ու սահմանափակմամբ:

Ի վերջո դատավորը վճռել է Արտյոմ Մովսեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով ճանաչել անմեղ և արդարացնել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վճիռը չի բողոքարկվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել