Հայտնի դերասան Ջիմ Քերրի դեմ դատական հայց է ներկայացվել նախկին ընկերուհու մահվան առնչությամբ

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ հայտնի հոլիվուդյան դերասան Ջիմ Քերրիի դեմ դատական հայց է ներկայացվել իր նախկին ընկերուհու՝ Քաթրիոնա Ուայթի ինքնասպանության առնչությամբ: Հայցվոր Մարկ Բերթոնը, ով այդ ժամանակ ամուսնացած էր Ուայթի հետ, պնդում է, որ 54 ամյա աստղը օգտագործել է իր հարստությունն ու հանրաճանաչ լինելու փաստը՝ միայն բժշկի դեղատոմսով տրամադրվող դեղահաբերը ապօրինի կերպով ձեռք բերելու համար, որոնց չարաշահումը Ուայթի մահվան պատճառն է դարձել: Նրա պնդմամբ աղջկա մահվան պատճառ հանդիսացած դեղերը նրան բժիշկը չէր նշանակել, այլ Քերրին դրանք ձեռք է բերել «Արթուր Քինգ» ծածկանվան տակ:

Լոս Անջելեսի գերագույն դատարանում ներկայացրած դատական հայցում նա նշել է, որ Քերրին աղջկան է տվել դեղահաբերը շատ լավ գիտակցելով, որ վերջինիս օրգանիզմը թույլ է, նա դեպրեսիոն հակումներ ունի և նախկինում ինքնասպանության փորձ է կատարել, իսկ նրա մահվանից հետո «Քերրին փորձել է թաքցնել իր մասնակցությունը տիկին Ուայթի անժամանակ մահվան գործում»: Նա հայցում նաև նշել է, որ Քերրին՝ ցանկանալով վերահսկել Ուայթի գործողությունները, նրա տանը տեսախցիկներ է տեղադրել:

Ի պատասխան՝ Ջիմ Քերրին հայցը որակել է որպես «դաժան քայլ»՝ իր և իր սիրած կնոջ անունները շահարկելու համար: Նա նաև նշել է, որ Քաթրիոնայի խնդիրները սկսվել են նախքան իրենց հանդիպումը և ցավոք նրա ողբերգական մահվան դեմ բոլորը անզոր գտնվեցին:

Ինչպես հայտնի է 2015թ-ի սեպտեմբերին Քաթրիոնա Ուայթին մահացած են գտել Լոս Անջելեսի իր բնակարանում՝ ցավազրկող դեղահաբերի չափից մեծ դոզա ընդունելու հետևանքով:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել